Մատչելիության հղումներ

Բազմաթիվ իրանցիներ գալիս են Հայաստան կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու


Հերթեր հայ-իրանական սահմանին, բազմաթիվ իրանցիներ գալիս են Հայաստան կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու, նման վերնագրերով տեսանյութեր մի քանի օր է ակտիվորեն տարածում են համացանցի իրանցի օգտատերերը։ Թե իրականում, որքան իրանցի է եկել Հայաստան պատվաստվելու նպատակով, հայտնի չէ, այդուհանդերձ, պատկերն ակնհայտ է դառնում Երևանի պատվաստումային շրջիկ կետերին մոտենալիս։

Հյուսիսային պողոտայում տեղակայված ու քովիդի դեմ պատվաստում իրականացնող կայանի մոտ առավոտից հերթեր են։ Իրանի քաղաքացիներն են, որ շտապում են պատվաստվել։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, երբ մեկը փորձում է հերթը խախտել։ Խոսում են բոլորը ու միաժամանակ, բայց նույն խնդրի մասին՝ իրենց պատվաստվելու հերթը չի հասնում։

Մինչև վերջերս Հայաստանում անվճար պատվաստվում էին բոլոր զբոսաշրջիկները՝ առանց սահմանափակման։ Հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է բնակչության մոտ 3,5 տոկոսը, թե զբոսաշրջիկները ինչ մաս են կազմում, Առողջապահության նախարարությունը առանձին վիճակագրություն չի վարում, բայց հաշվի առնելով օր-օրի մեծացող հոսքը, որոշ սահմանափակումներ դրվեցին։ Դրանցից մեկով զբոսաշրջիկները պատվաստվել կարող են միայն շրջիկ կայաններում՝ այն էլ օրական ոչ ավելի, քան 50 հոգի։ Մեկ այլ նոր որոշման համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով։ Անվճար պատվաստման համար օտարերկրացիների համար դրվելու է նաև Հայաստանում առնվազն 10 օր գտնվելու պահանջ։ Մինչ այդ արդեն Հայաստանում գտնվող իրանցիները դժգոհ են պատվաստման տեմպերից։

«Ես Իրանի քաղաքացի եմ, ապրում եմ Կանադայում, 3 օր է այստեղ եմ, չեմ կարողանում պատվաստվել, նրանք խոստացել են մեզ, որ կպատվաստվենք, բայց չենք կարողանում, ամեն օր ասում են, որ միայն 50 մարդու են ներարկում անելու, ես գիշերը այստեղ եմ մնացել, բայց էլի հերթս չի հասնում», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Իրանի այս քաղաքացուն խոստացել են, որ անվճար կպատվաստվի։ Ինչպես պարզեցինք, տուր-լիդերներ կան, ովքեր այդ կերպ նաև գումար են վաստակում։ Իրանի մեկ այլ քաղաքացի էլ, օրինակ, ցուցակագրել է պատվաստվողներին, մեզ ցույց է տալիս ցուցակն ու դժգոհում է, որ օրական միայն 50 հոգու են պատվաստում. «Երկու մեծ խնդիր կա օրական 50 հոգու են պատվաստվում, այս գիշեր մոտ 200 Իրանի քաղաքացի այստեղ է գիշերել, որ առավոտյան կարողանա պատվաստվել։ Այստեղ նաև դիլլերներ կան, որ փող են վերցնում ու ուզում են առաջնահերթ պատվաստել։ Այս իրավիճակը տեսնելով, ոչ մեկը չի գա էլ Հայաստան պատվաստվելու համար»:

Իրանի քաղաքացին մատնացույց էր անում այն հայերին, ովքեր ևս իրանցի զբոսաշրջիկների են բերել պատվաստելու նպատակով:

Հյուսիսային պողոտայում պատվաստվածների մեծ մասը հենց իրանցիներն են, իսկ Հայաստանի քաղաքացիները կամ կացության իրավունք ունեցողները պատվաստվում են արտահերթ։ Պոլիկլինիկաներում կարող են պատվաստվել միայն Հայաստանի քաղաքացիներն ու կացության իրավունք ունեցողները։

«47 հոգու պատվաստել ենք, որից 25-ը իրանք են եղել: Աղմուկն ահավոր է, ուղղակի վատն այն է, որ երբ ասում ես արդեն վերացել է, պիտի գնաք, իրենք չեն գնում», - ասաց թերապևտ Լուսինե Սահակյանը:

Ինչո՞ւ են ավելի քան 82 միլիոն բնակչություն ունեցող Իրանի քաղաքացիների մի մասը պատվաստման համար գալիս Հայաստան։ Իրանցիների խոսքով՝ իրենց երկրում պատվաստանյութի պակաս կա, պատվաստումն իրականացվում է միայն մեկ տեսակի պատվաստանյութով, ընդ որում՝ առաջնային պատվաստվում են տարեցները, իսկ երիտասարդները պատվաստվելու համար պետք է 5 ամիս սպասեն։ «Ազատության» իրանական ծառայության թղթակիցը ևս հանդիպել է դեպքերի՝ երբ գումարի դիմաց առաջարկում են Հայաստանում պատվաստում անել։

«Այդպես մասսայական բնույթ չի կրում, մեկը մյուսին ասելով տեղը գտնում են, գալիս են իրենք իրենց պասպորտը տալիս են, սպասում են հերթի մեջ», - ներկայացրեց «Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանը:

Արդյոք Հայաստանն ունի՞ այնքան միջոցներ, որ կարող է իրեն թույլ տալ սեփական միջոցներով նաև օտարերկրացիներին պատվաստել։ Նմանատիպ հարցերին այսօր պատասխանել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ասելով, որ նրանք անհամեմատ ավելի շատ գումար են ծախսում Հայաստանում ու ընդգծել՝ տուրիզմի 319 տոկոս աճն էլ կլինի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս այս իրավիճակում դրական կետ է տեսնում։ Ըստ նրա՝ համավարակից ամենաշատը տուժած ոլորտը՝ զբոսաշրջությունը, վերակենդանանում է։ Պատվաստումային զբոսաշրջությունն էլ արդյունավետ է. Հայաստանը 1 պատվաստանյութի համար վճարում է մոտավորապես 20-30 դոլար, իսկ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում, միջին օրական հաշվարկով ծախսում է 70-100 դոլար։

«Տուրիզմի նոր ուղղություն կա մի քանի երկրներում, Հայաստանը շատ մեծ հնարավորություններ ունի հաշվի առնելով, որ Իրանի տնտեսությունը, բնակչությունը մի քանի անգամ մեծ է Հայաստանի տնտեսությունից և հնարավոր է մեծ հոսքեր լինեն այս ուղղությամբ, այս գումարը գնում է ճգնաժամից տուժած ոլորտ: Այսինքն սա կրկնակի նշանակություն ունի, կրկնակի կարևորություն է ստանում: Տուրիզմի ոլորտը, հյուրանոցային տնտեսությունները, որոնք շատ տուժել էին, հիմա հնարավորություն ունեն մի քիչ շունչ քաշել, վերականգնվել», - ասաց Պարսյանը:

Տնտեսագետի կարծիքին հակադրվում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք- Նուբարյանի կարծիքը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը անթույլատրելի է, պետք է ընդհանրապես արգելել Հայաստանում օտարերկրացիների պատվաստումը կամ վճարովի դարձնել, այն էլ միայն Հայաստանում երկարաժամկետ ծրագրով գտնվողների համար։

«Մենք կտրում ենք մեր ժողովրդից, որովհետև աշխարհում պատվաստանյութի պակաս կա, տալիս ենք մեր ռազմավարական գործընկերոջը, որ ինքը իր ժողովրդին պատվաստի, բայց ինքը տուրիզ է խթանո՞ւմ դրանով, սա աբսուրդային իրավիճակ է, և հավատացեք նման հարցադրումներ մեր դաշնակիցների մոտ կարող են առաջանալ: Վատ թիվ պետք է հնչեցնեմ՝ Ադրբեջանն մեկ օրում պատվաստում է այնքան մարդ, որքան Հայաստանը մեկ ամսում», ասաց Մելիք- Նուբարյանը:

Հայաստանցիները մասսայաբար չեն ուզում պատվաստվել, որովհետև դեռ չեն գիտակցում այս վարակի նենգությունը, ասում է Մելիք-Նուբարյանը, հետևաբար, ըստ նրա՝ պետությունը արդեն պետք է դիմի նոր սահմանափակումների ու պարտադրանքի գործիքներ կիրառի։

Երեկ Առողջապահության նախարարը արդեն հայտարարել է, որ նոր սահմանափակումները չեն բացառվում որոշ ոլորտներում, եթե պատվաստում չարվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG