Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այն արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի կատարած աշխատանքային այցից հետո առաջինն է:
Վարչապետի աշխատակազմը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն»:
Փաշինյանն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմից հետո բավականին լուրջ ջանքեր են գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար. «Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են»:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ օրակարգում «հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը»:
«Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել», - ընդգծել է Փաշինյանը:
Արցախի նախագահն էլ իր հերթին արձանագրել է, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից:
«Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին», - հավելել է Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանը ևս ընդգծել է, որ Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է:
«Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել: Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով», - ասել է նա: