Մատչելիության հղումներ

Պատերազմի մասնակիցը պնդում է՝ հոսպիտալում իրեն սպառնացել են հոգեբուժարան տանել. հոսպիտալի տնօրենն արձագանքում է


44-օրյա պատերազմում վիրավորված Կոլյա Դոնամալյանը դժգոհ է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ստացած բուժման որակից՝ ասում է՝ ցավերը չեն անցնում, որոշ բուժաշխատողների վերաբերմունքն էլ վիրավորական է համարում։

«Իրենցից տենց եսիմ ինչեր չեմ ուզում, ուղղակի ուզում եմ բուժեն, բայց կոպիտ են խոսում, ասում են՝ գիժ ես։ Օրինակ՝ ես որ սկզբից եկա հոսպիտալ, քայլելուս համար ինձ ասում է՝ դու եթե սենց քայլեցիր, քեզ կուղարկենք հոգեբուժարան։ Ես էլ ասացի՝ եթե մարդ մեջքի ցավ է ունենում ու չի կարում քայլի, ուրեմն հոգեբուժարա՞ն են ուղարկում։ Նենց են անում, որ մարդ հունից դուրս գա, ջղայնանա, որ իրենք ասեն՝ գիժ ես ու իրենց կողքիններին էլ ապացուցեն», - ասում է Կոլյա Դոնամալյանը։

Զինվորական հոսպիտալի ղեկավար Վահան Գևորգյանն «Ազատությանն» ասաց՝ մեկ ամսից ավելի է, ինչ 19-ամյա Կոլյան իրենց հոսպիտալում է, բազմաթիվ ստուգումներ է անցել, այսօր էլ շարունակում է բուժում ստանալ։ Կոլյայի դժգոհությունը, թե վիճակը չի թեթևանում, Գևորգյանը չընդունեց, ասաց՝ անզեն աչքով էլ երևում է, որ ավելի լավ է սկսել քայլել։ Ըստ հոսպիտալի ղեկավարի՝ զինծառայողը հոգեբանական խնդիրներ ունի, արկերի բարձր ձայներից հետո նրա լսողությունն է տուժել։ Բացառում է, որ բժիշկը նրան «գիժ» ասած լինի, ասված խոսքը նեղ մասնագիտական տերմիններով է եղել՝ ըստ նրա։

Զինվորական հոսպիտալի ղեկավար Վահան Գևորգյանը
Զինվորական հոսպիտալի ղեկավար Վահան Գևորգյանը

«Այո, գիտեմ, որ բժշկի կողմից եղել է այսպիսի արտահայտություն, որ եթե չկարողանանք մինչև վերջ հետազոտել, կգնաս հոգեբուժարան բուժման։ Հիմքեր կան, որովհետև Դոնամալյանը նախկինում հոգեբուժարանում պառկել է, ելնելով կլինիկական դրսևորումներից իր հիվանդության՝ մի քանի անգամ այս ընթացքում նույնպես կատարվել է հոգեբույժի կոնսուլտացիա, հոգեբանն է աշխատել նրա հետ, մոտ մեկ ամիս պառկելով հոգեբուժարան՝ լավացումով դուրս է գրվել, այսինքն՝ ինքն ընդունվել է այնտեղ հետստրեսային ռեակցիա ախտորոշումով, հիմա չունի այդ ախտորոշումը, բայց կա հոգեբուժական այլ ախտորոշում, բուժվել է, լավացել է», - ասաց Վահան Գևորգյանը։

Մինչև Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխվելը, ըստ զինծառայողի, ինքը մի քանի այլ հիվանդանոցներում է եղել, այդ թվում՝ մարզային հոսպիտալներում։ Պատմեց՝ երևանյան մասնավոր կլինիկաներից մեկում հետազոտել ու ասել են, որ մարմնում բեկոր կա, բայց հիմա զինվորական հոսպիտալում հակառակն են պնդում։ Զինծառայողը չգիտի՝ ում հավատա։

Տնօրենը, սակայն, պնդում է՝ բեկորներն իսկապես հանվել են. «Մեկ այլ քաղաքացիական հիվանդանոցում է եղել հետազոտությունը։ Սկզբում նայել են, իրենց մոտ տպավորություն է եղել, որ դա բեկոր է, սակայն հենց իրենց մոտ կատարվել է ԿՏ քննություն, որով ժխտվել է, այնուհետև մեզ մոտ կրկնվել է այդ համակարգչայինը, և դարձյալ ժխտվել է բեկորի առկայությունը»։

Հեռախոսով արված հարցազրույցից հետո Կոլյային «Ազատությունը» հանդիպեց նաև տնօրենի աշխատասենյակում։ Ցույց տվեց մյուս բժշկին ու պնդեց՝ նա է իրեն ասել, որ հոգեբուժարան կտանեն։ Կոլյան կարծում է՝ երբ իր խնդրով սկսել է հետաքրքրվել բարեգործական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Լալա Բերնեցյանն, ու իր խնդիրը հասարակական հնչեղություն է ստացել, բուժանձնակազմի վերաբերմունքը փոխվել է։ Մինչև այդ, ըստ «Ազատությանը» դիմած Լալա Բերնեցյանի, պատերազմի մասնակից Կոլյան իրեն այլ մանրամասներ է պատմել. «Կոլյայի հետ զրուցելուց ասում է, որ ինձ Դարբինյան անունով բժիշկն ասում է՝ եթե դու ուղիղ քայլես, իմ անունը կփոխես, ես քեզ խոսք եմ տալիս, որ դու չես բուժվելու։

Նման հոգեբանական ծանր ճնշումների են ենթարկում այդ երեխուն, որովհետև արդեն պատկան մարմինները տեղյակ եղան իրենց նախկին գործելաոճից։ Ներքև ենք իջել, այդ տղաները ծափահարում են մեզ՝ ապրեք, շատ լավ եք անում, այ տենց հետևողական եղեք»։

Բերնեցյանն ասում է՝ պետությունից դժգոհություն չունեն, երբ դիմել են պատկան ատյաններին, հետազոտություններն արագացվել են։ Պնդեց՝ պետք է բոլոր զինծառայողների հանդեպ վերաբերմունքը շատ լավ լինի, հակառակ պարագայում, յուրաքանչյուր դեպքի մասին կբարձրաձայնեն. «Դուրս է գալիս իրենց անտարբերություն, զինվորի ծնողը դուրս է գալիս պետության դեմ։ Ես էլ լինեմ, ես էլ կչարանամ»։

Ըստ հոսպիտալի տնօրենի՝ պատերազմից հետո մինչև այսօր հազարավոր վիրավորների են ընդունել, ինքն էլ ռազմական ուղի է անցել։ Պատմեց՝ սա առաջին դժգոհությունն է, որ հայտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում։ Խնդիրները, ըստ նրա, ուռճացված են, անգամ վիրավորական իրենց համար. «Մենք էլի հետևություններ կանենք, բայց կանեինք այլ կարգի հետևություններ։ Սա վիրավորական է, դե ոչինչ, կյանք է, մենք բժիշկ ենք, մենք պարտավոր ենք այդ ամեն ինչին բարձր գլխով նայել, տանել առաջ, խնդիր չկա այստեղ։

Հիվանդն ամեն դեպքում հաստատ դրանից ոչ կտուժի, ոչ էլ երբևիցե կզգա, որ իր հանդեպ վերաբերմունք է փոխվել, եթե փոխվի՝ միայն դեպի լավը»։

Կոլյան մտահոգություններ ունի՝ եթե իրեն զորացրեն, ու հետագա բուժումը լինի վճարովի, չի կարող դրանք հոգալ։ Պատերազմի դաշտում ընկերներ կորցրած, բարձր ձայներից ծանրալսություն ձեռք բերած ու բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողը տնօրենի աշխատասենյակում ասաց, որ վախեր է ունենում երբեմն։ Չի ուզում հոգեբուժական ուղղվածությամբ հաստատությունում բուժվել, լռություն է ուզում։

1 տարի 6 ամիս ծառայած զինվորն ասում է՝ եթե այնպես բուժեն իրեն, որ լավ զգա, պատրաստ է շարունակել ծառայությունը, միայն թե զինգրքույկում չգրվի՝ պիտանի չէ ծառայությանը, բայց հիմա, ասաց, անգամ երկար կանգնել չի կարողանում, գլխացավերն ու մեջքի ցավերը չեն դադարում։ Հոսպիտալի տնօրենի խոսքով՝ նաև ողնաշարի ճողվածքներ ունի Կոլյան, դրանք բժշկական թղթում նշել ու ներկայացրել են ռազմա-բժշկական հանձնաժողովի որոշմանը, հավանաբար նրան կզորացրեն։

Հոսպիտալից դուրս գալիս մեզ դիմեցին մի խումբ աշխատակիցներ ու ասացին՝ պատերազմից հետո մինչև այսօր գիշերներ են լուսացնում հոսպիտալում, ցանկացած զինծառայողի հետ տանջվում, բայց վատ են զգում այսպիսի պատմություններից, որով իրենց աշխատանքը ստվերվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG