Մատչելիության հղումներ

Քննիչը եզրահանգել է՝ «անհրաժեշտ է, որ հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի գործունեությանը, և մերժել բողոքը»


Լրագրող Անուշ Դաշտենց
Լրագրող Անուշ Դաշտենց

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցը ցույց է տալիս իր հեռախոսի այն կադրը, որն, ըստ լրագրողի, արել է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, երբ լրագրողի հեռախոսը հայտնվել էր նրա ձեռքում։ Իրավապահները մեկամսյա քննությունից հետո եզրահանգել են՝ քրեական գործ հարուցելու առիթ չկա, քանի որ պատգամավորը չի խոչընդոտել լրագրողին, ինչպես նաև չի կողոպտել նրան։

«Այդտեղ շատ զավեշտալի նախադասություններ կան, որ փաստորեն, քննիչը հավատացել է, որ այդ հեռախոսը հափշտակելու որևէ դիտավորություն, նպատակ, ցանկություն չի ունեցել, և վերցնելու միակ նպատակը եղել է դրանով իր վերաբերյալ արված տեսագրությունը ջնջելը։ {Արդարացված է}, այո, քանի որ Հայկ Սարգսյանն ինձ չի ճանաչել, ինձ վրա չի եղել լրագրողական բեյջ, չնայած ես ներկայացել եմ, և հագուստ, լրագրողի հագուստ, ինչպես ինքը գրել էր, չի եղել։ Հայկ Սարգսյանն իր բացատրության մեջ գրել է, որ ինձ վրա լրագրողի հագուստ, բեյջ կա խոսափող չի եղել», - ասում է Դաշտենցը։

Մեկ ամիս առաջ լրագրողը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի կողքով անցնելիս նկատել էր պատգամավորին, մոտեցել, որ հարց տա հայ ռազմագերիների թեմայով, ինչին հետևել էր միջադեպը։ Անուշ Դաշտենցը վերհիշում է՝ սկզբում շնորհավորել է նշանադրության կապակցությամբ, հետո՝ հնչեցրել հարցը։ Սակայն քննիչին Հայկ Սարգսյանը պատմել է, որ ինքն աշխատանքային ժամից հետո ընկերների հետ Մաշտոցի պողոտայում էր, երբ իրեն է մոտեցել մի կին և սկսել անձնական հարցեր տալ։ Միջադեպի հաջորդն օրն էլ լրագրողներին էր բացատրել, թե ինչու է խլել լրագրողի հեռախոսը։

«Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող է իմ ազատությունը սահմանափակել։ Ես ասում եմ՝ կներեք, չեմ ցանկանում Ձեր հարցերին պատասխանել, այնուհետև տվյալ կինը շարունակում է հարցեր ուղղել և հեռախոսը այսպես պահել իմ դեմքին, ինչի արդյունքում ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը, որը նկարել էր», - ասել էր իշխանական պատգամավորը։

Եվ չնայած պատգամավորը իրավապահներին հայտնել է, որ չի ճանաչել լրագրողին, Դաշտենցը պնդում է՝ ներկայացել է, ավելին՝ մեկ տարի առաջ էլ նրա աշխատասենյակում հարցազրույց է արել։

Եթե անգամ չկա լրագրողի գործունեությունը խոչընդոտելու հարց, ինչն այդպես չէ, ի՞նչ ասես հեռախոսը վերցնելու, արգելափակումից հանելու, նկարահանածը ջնջելու և մոտ մեկ ժամ անց միայն ուրիշի միջնորդությամբ հեռախոսը վերադարձնելու մասին, հարցնում է լրագրողն ու հավելում՝ նյարդեր ու ժամանակ չունի այս որոշումը բողոքարկելու. «Այո, ապահովագրված է, և միայն այդ կարծիքին ես չեմ։ Օրինակ՝ երեկ Դանիել Իոաննիսյանը հիշեցրել էր Հայկ Սարգսյանի հայտնի հարստանալու փաստը բիթքոինների։ Ասացին, խոսեցին, գրեցին, ջնջվեց գնաց, որովհետև Հայկ Սարգսյանը Հայկ Սարգսյանն է, որը, գիտեք, իշխանությանն ամենամոտ կանգնած անձնավորություն է՝ «շիշ բռնող» մականունով, Հայկ Սարգսյանն է, իշխանության մարդ»։

Լրագրողական ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ տարածած հայտարարությամբ դատախազությունից պահանջում են վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը, հարուցել քրեական գործ, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ շփումներում և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տարակուսած է քննիչի ձևակերպումից՝ ի՞նչ է նշանակում՝ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը»։

«Հատուկ քննչական ծառայությունը փաստորեն, պատգամավորին ոչ ադեկվատ մարդու տեղ է դնում։ Դա ուղղակի ծիծաղելի է, և այդ բոլոր գործողությունները անգիտակցաբար անել հնարավոր չէ», - նշում է Մելիքյանը։

Քրեական գործ չհարուցելու պատճառ կարող է լինել նաև այն, որ պատգամավորը վարչապետի պաշտոնակատարի թիմից է, կարծում է Մելիքյանը. «Մանավանդ այս ընտրություններից հետո, երբ վարչապետն օրենքի դիկտատուր է հտչակել, այդտեղ օրենքի առջև պետք է հավասար լինեն և՛ իշխանական ուժերի քաղաքական ներկայացուցիչները, և՛ ընդդիմադիրները»։

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով։

XS
SM
MD
LG