Հայիթիի ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալել է երկրի նախագահ Ժովենել Մոիզի դեմ հարձակման հեղինակներից երկուսին, ևս չորսը սպանվել են։
Կարիբյան այս պետության ոստիկանության ղեկավարի խոսքով՝ անցած գիշերվա դրությամբ նախագահ Մոիզի սպանությունն իրականացրած վարձկանների խմբի չեզոքացմանն ուղղված գործողությունը շարունակվում է։
«Իմ այս հայտարարության պահին ոստիկանությունը մարտ է վարում։ Մենք արգելափակել ենք հանցագործներին՝ հարձակման վայրից նահանջի ընթացքում։ Այդ պահից սկսած փոխհրաձգությունները շարունակվում են։ Այդ մարդիկ կա՛մ կսպանվեն, կա՛մ՝ կձերբակալվեն», -մայրաքաղաք Պորտ-օ-Պրոնսում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարում է Հայիթիի ոստիկանապետ Լեոն Շարլը։
2017 թվականից Հայիթիի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ժովենել Մոիզը սպանվել էր չորեքշաբթի գիշերը՝ իր առանձնատան վրա կատարված հարձակման ընթացքում։