ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր մեկնաբանելով Աֆղանստանում ստեղծված իրավիճակը ասել է, որ այն սրընթաց վատթարանալու միտում ունի և անհրաժեշտության դեպքում Մոսկվան պատրաստ է պաշտպանելու տարածաշրջանային իր դաշնակիցներին։
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Աֆղանստանում, որտեղ իրավիճակը սրընթաց վատթարանալու միտում ունի, այդ թվում՝ ամերիկյան և ՆԱՏՕ-ի այլ զորքերի շուտափույթ դուրս բերելու հետ կապված։ Տասնամյակների ընթացքում գտնվելով այդ երկրում նրանք չկարողացան իրավիճակի կայունացման տեսանելի արդյունքների հասնել»,- ասել է Լավրովը՝ հավաստիացնելով, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կպաշտպանի իր դաշնակիցներին:
«Մենք ամեն ինչ կանենք, այդ թվում՝ օգտագործելով Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին գտնվող ռուսական ռազմակայանի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք ագրեսիվ ոտնձգություններ մեր դաշնակիցների հանդեպ», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը Աֆղանստանի մասին խոսել է Լաոսում, այդ երկրի արտգործնախարարի հետ հուլիսի 7-ին կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
Աֆղանստանում թալիբ զինյալները իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի զգալի մասը, գրավել Տաջիկստանին սահմանակից շրջանները։ Աֆղանստանի բանակի հարյուրավոր զինծառայողներ թալիբների հարձակումներից փախել են Տաջիկստան։