Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ


«Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
«Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ, նույն ցուցանիշն անցյալ տարի 11 հազար էր, իսկ 2019-ին՝ ընդամենը 3000։

Միգրացիոն ծառայությունում կարծում են՝ Հայաստանի սահմանները հատած ու չվերադարձած մարդկանց նման թիվը պայմանավորված է հիմնականում աշխատանքային միգրացիայիով։

«2020 թվականի ամբողջ ընթացքում մեր աշխատանքային միգրացիայի պոտենցիալը, որն ավանդաբար յուրաքանչյուր տարի ուղղվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, 20 թվականի ոչ մի տեղ չէր գնացել և 21 թվականին այդ հնարավորության բացման հետ զուգահեռ ակնհայտորեն այդ խոսքն ուղղվեց դեպի Ռուսաստանի Դաշնության», - ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ռուսաստանից Միգրացիայի ծառայությանն են տրամադրել նաև իրենց վիճակագրությունը, թե առաջին եռամսյակում քանի հայաստանի քաղաքացի է մուտք գործել այդ երկիր, պարզվում է Հայաստանի հեռացածների մեծ մասը մեկնել է Ռուսաստան, հայտնում է ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ընդհանուր առմամբ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 127 հազար մարդ, որի կեսից ավելին նշել է, որ գնում է Ռուսաստան աշխատելու նպատակով։

«72 տոկոսը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանի Դաշնություն մեկնած այդ 72 տոկոսի 82 տոկոսը նշել է որպես մուտքի նպատակ Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքը, դա կազմում է շուրջ 60-70 հազարի կտրվածք», - ասաց ծառայության պետը:

Արմեն Ղազարյանի խոսքով՝ այս թվերի վերաբերյալ մասնագետները դեռ պետք է վերլուծություններ անեն, բայց մինչ այդ, առաջին հայացքից, ըստ նրա, ակնհայտ է, որ 2020-ին աշխատելու նպատակով երկրից մեկնելու հնարավորություն չունեցած մարդիկ օդային սահմանների բացվելուն պես գնացել են։ Այնուամենայնիվ, այս տարվա առաջին եռամսյակում ժամանածների և մեկնածների բացասական տարբերությունը 5 անգամ ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածից։ Բացի այդ 2018-ի հեղափոխությունից հետո սահմանահատումների տարեկան դինամիկան դրական է եղել բոլոր տարիներին, օրինակ, եթե 2017 թվականին ժամանածների ու մեկնածների տարբերությունը բացասական 26 հազար էր, ապա 2018-ին դրական 15 հազար էր, 2019-ին՝ մոտ դրական 10 հազար, անցյալ տարի՝ 2020-ին դրական 12 հազար։

«Մեր հաշվարկների պատմության ընթացքում դրական տարբերություն մուտքերի և ելքերի եղել է մեկ էլ 2004-2006 թվականներին», - ներկայացրեց Ղազարյանը:

Այնուամենայնիվ, սահմանահատումների թվերը միգրացիայի ցուցանիշներ չեն, նկատում են մասնագետները։ Անցյալ տարվանից հետաձգված ուղևորություններից ու աշխատանքային միգրացիայից բացի, ըստ Ղարզարյանի, 2021-ին սահմանների՝ բացվելուց հետո ակտիվացած մեկնումների պատճառներից է նաև պատերազմից հետո առաջացած սոցիալ-հոգեբանական վիճակը, սակայն այս մասին վստահ կարելի է խոսել հետազոտություններից հետո։

«Հիմա այդ հետազոտությունը կլինի, արդեն մենք կտեսնենք քովիդի և պատերազմի ազդեցությունը մարդկանց միգրացիոն վարքի վրա», - նշեց նա:

Աշխատանքային միգրանտները սովորաբար վերադառնում են Հայաստան, հետևաբար թվերը պետք է ամփոփել տարվա վերջին, նկատում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, սակայն նա ևս կարծում է, որ միգրացիայի վրա չի կարող ազդեցություն չունենալ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

«Այս պահին ընդհանրապես դատողություններ դժվարանում եմ ամփոփիչ ասել, բայց ես չեմ տեսնում հիմա ընտանիքներով արտագաղթ, ընտանիքներով մեկնումներ, որոնք կարող էին արտագաղթի ընդհանուր պատկերին մոտ լինել, և դրա մասին կարեի է խոսել տարեվերջին», - ընդգծեց Խառատյանը:

Մինչ մասնագետները դեռ պատրաստվում են ուսումնասիրել աղետալի 2020 թվականի ազդեցությունը հանրության տրամադրության, երկրից արտագաղթելու կամ այստեղ մնալու որոշումների վրա, վիճակագիրներն անցյալ տարվա բացասական ազդեցություններից մեկն արդեն արձանագրել են։ 2020-ին Հայաստանում բնական աճը, որը մահացածների ու ծնվածների տարբերությունն է, ընդամենը 1100 էր՝ պայմանավորված պատերազմով և քովիդով, իսկ 2019-ին բնական աճ կազմել է 9800՝ գրեթե 9 անգամ մեծ։ Ընդ որում ԱՎԾ ժողովրդագրության բաժնի պետն ասում է, այս թիվը դեռ ենթակա է փոփոխման:

«35 հազար 371 մահվան դեպք 19 թվականի 26 հազար 186 դեպքի համեմատ: Պիտի նշեմ, որ սրանք նախնական տվյալներ են, որովհետև հաջորդ ժամանակահատվածում ևս և՛ քովիդի, և՛ պատերազմական իրավիճակով արձանագրված որոշ դեպքեր ուշ գրանցումների հետևանքով արձանագրվել են հունվար- փետրվար ամիսներին, և բնականաբար, դրանք պետք է տեղափոխվեն՝ ըստ մահը տեղի ունեցած ժամկետների», - ԱՎԾ ժողովրդագրության բաժնի պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG