Վաղը՝ հուլիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի պրեմիերան՝ թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի կատարմամբ և Վասիլի Ռոլիչի դաշնամուրային նվագակցությամբ: Բեմադրության հեղինակը Դավիթ Հակոբյանն է։
Մոնոօպերան հանդիսատեսին է ներկայացվում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։
Ինչպես շեշտում է փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, դեռ անցյալ տարվանից են աշխատել այս մոնոօպերայի վրա, որը ոչ մի անգամ Հայաստանում չի հնչել. - «Դեռևս անցյալ տարվանից Վարսենիկ Ավանյանը խոսում էր մեզ հետ այն մասին, որ պետք է փորձենք բեմադրել այդ հայտնի ստեղծագործությունը, որը ամբողջ աշխարհում կատարվում է, բայց Հայաստանում դեռ չի հնչել։ Էստեղ էմոցիոնալ, արտահայտչական բեռնվածությունը դերասանի շատ մեծ է, էստեղ կան սիրո, սրտի թրթիռի, հուսախաբության, դավաճանության և շատ այլ զգացողություններ։ Եվ ստանալու համար այդ ընտանեկան ջերմ փոքր սենյակի մթնոլորտը, մենք որոշեցինք դահլիճը չօգտագործել, և հանդիսատեսը, փոքրաքանակ հանդիսատեսի համար ենք անում, գտնվելու է բեմում։ Կարծում եմ, շատ գեղեցիկ ու հետաքրքիր բեմադրություն է ստացվել»։
Ժան Կոկոտոյի համանուն պիեսի հիման վրա ստեղծված Ֆրանսիս Պուլենկի այս մոնոօպերան առաջին անգամ ներկայացվել է 1959 թվականին Փարիզում։ Հետագայում մի շարք այլ կոմպոզիտորներ ևս Ժան Կոկտոյի պիեսի հիման վրա ստեղծել են մոնոօպերաներ, բայց ինքը՝ Կոկտոն Ֆրանսիս Պուլենկին օպերայի պրեմիերայից հետո գրել է. «Իմ սիրելի Ֆրանսիս, Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար, այնպես, ինչպես կխոսեր իմ հերուսուհին»:
Օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը շեշտում է, որ միշտ ցանկացել է հանդես գալ Պուլենկի մոնոօպերայի հերոսուհու դերերգով. - «Ինքս շատ մենահամերգներ եմ ունենում, ու ինձ համար անընդհատ բեմում մենակ լինելը այդքան նորություն չէ։ Մոմոօպերա երգելու գաղափարը վաղուց կար, բայց անցած տարի լոքդաունի ժամանակ, կարող եմ ասել, որ պանդեմիայի իմ ձեռքբերումներից է այդ օպերան։ Սկսեցի սովորել, հասկացա, որ ինձ հարմար է և այդ ժամանակ դիմեցի ռեժիսորին՝ իմ վաղեմի ընկեր Դավիթ Հակոբյանին։ Դրանից հետո Սոնային դիմեցինք... և արդեն հիմա կներկայացնենք օպերային թատրոնում։ Շատ հետաքրքիր լուծում ենք ստացել, միասին որոշեցինք, որ հանդիսատեսն էլ մասնակից կլինի մասամբ ներկայացմանը։ Կտեղադրենք հանդիսատեսին բեմում։ Շատ գեղեցիկ է. վարագույրները բաց կլինի, դահլիճը կերևա մթության մեջ, կարծես թե հենց գիշերային Փարիզը լինի մեր դահլիճը, մանր լույսերը միացված... Կփորձենք նաև ուրիշ բեմահարթակներում ներկայացնել։ Ես շատ կուզեի, որ այս ներկայացումը մտներ մեր թատրոնի երկացանկի մեջ»։
Անդրադառնալով առաջիկա ամսիների ծրագրերին՝ երգչուհին ասաց. - «Հուլիսի 17-ին շատ հետաքրքիր մի ծրագիր ունենք Օպերային թատրոնում՝ իմ մենահամերգն է Բեթհովենին նվիրված։ Անցած տարի պլանավորված համերգներից է։ Կատարելու ենք լրիվ անհայտ Բեթհովենի կամերային ստեղծագործությունները, որոնք երբևիցե Հայաստանում չեն կատարվել։ Բեթհովենը ունի շատ գեղեցիկ ռուսական, ուկրաինական երգերի մշակումներ, շատ գեղեցիկ են։ Ես և իմ մի քանի կոլեգաները՝ մեր առաջին ջութակահարուհին, թավջութակահարը և իմ դաշնակահարուհին՝ Ելենա Վարդազարյանը, կերգենք, կնվագենք այդ համերգը»։