Առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 42 միլիոն դրամ գումար պետական միջոցներից՝ գործուղման ծախսերի հատուցման անվան տակ։ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) այս տարվա փետրվար-հունիս ամիսներին ուսումնասիրություն է իրականացրել Դատական դեպարտամենտում և պարզել, որ 2016-2018 թվականներին դեպարտամենտի ղեկավարի հրամանով մի քանի աշխատակիցներ իբրև թե գործուղվել են տարբեր մարզեր, բայց գիշերակացը հավաստող փաստաթղթերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը։
«Այդ ՀԴՄ կտրոնների վրա նշագրված էր արդեն իսկ արտոնագրային հարկ վճարող որպես տնտեսավարող սուբյեկտ: Ինչպես գիտենք, այդ թվականների օրենսդրությամբ՝ նշված հյուրանոցային ծառայություններ մատուցողները չէին կարող հարկվել արտոնագրային դաշտում, իրենք պետք է լինեին ընդհանուր հարկման դաշտում», - ասաց Եղոյանը:
Արտոնագրային հարկման դաշտում կարող են լինել հանրային սննդի ծառայություն մատուցողները։ Ստացվում է, որ հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ: Բացի այդ, համաձայն ներկայացված ՀԴՄ կտրոնների, բոլորը գիշերել են հյուրանոցի առավելագույն արժեք ունեցող համարներում, այն պարագայում, երբ նշված անձինք գործուղման մեջ չեն էլ եղել։
«Երբ ուսումնասիրող խմբի ղեկավարի կողմից կայացվեց որոշում, որ մուտք ու ելքը ֆիքսող սարքերով կարող ենք ավելի կոնկրետ տեղեկություն ստանալ, պահանջվեց Դատական դեպարտամենտի կողմից մուտք ու ելքը ֆիքսող սարքը, իրենց հիմնական աշխատանքի վայրից՝ Դատական դեպարտամենտի, և տրամադրվելուց հետո այդ տեղեկությունները վերլուծվեց, ուսումնասիրվեց, պարզվեց, որ այդ անձինք փաստացի գտնվել են իրենց հիմնական աշխատանքի վայրում, բայց միևնույն ժամանակ գտնվել են իբր գործուղման մեջ», - նշեց ՊՎԾ ղեկավարի տեղակալը:
Խոսքը Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների մասին է, որոնցից ոմանք արդեն դատավորներ են դարձել։ Կոնկրետ անուններ առայժմ չեն ներկայացվում՝ գործի քննությանը չխանգարելու համար։ Մի քանիսի դեպքում գործուղման մեջ գտնվելու օրերի ընդհանուր քանակը նույնիսկ գերազանցել է 200 օրը։ Նշված բացահայտումների հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քանի որ նոր է սկսվել նախաքննությունը, դեռևս հնարավոր չէ որևէ արդյունքի մասին առայժմ խոսել: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, անհրաժեշտաբար նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում, ելնելով այն հանգամանքից, որ այս կամ այն չափով այլևս տեղեկատվության հրապարակումը չի խոչընդոտի քննությանը, համապատասխան տեղեկատվություն հընթացս կտրամադրվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
Ուսումնասիրության արդյունքում նաև այլ խախտումներ են հայտնաբերվել՝ կապված գնման գործընթացների հետ, սակայն մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Իսկ քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, Դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, կեղծ փաստաթղթեր օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, դեպարտամենտի իրավասու պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առիթով։
Դատական դեպարտամենտը 2014 թվականից ղեկավարում է Կարեն Փոլադյանը, ում ուղղված գրավոր հարցմանը «Ազատություն»-ը ստացավ պատասխան, որ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները 2021 թվականի հունիսի 21-ին ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդին: Տեղեկանքի վերաբերյալ կարծիքի կազմումը գտնվում է մշակման փուլում և ավարտելուն պես կներկայացվի ծառայությանը: Խախտումների արձանագրման ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս չէր ձևավորվել, և Դատական դեպարտամենտը գործում էր Վճռաբեկ դատարանի կազմում, իսկ այդ տարիներին Վճռաբեկի նախագահը Արման Մկրտումյանն էր, ով այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել հենց 2018-ի հեղափոխությունից հետո։