Մատչելիության հղումներ

Արդեն մի քանի օր է, սիբիրախտի նոր դեպքեր չկան. Էկոնոմիկայի փոխնախարար


Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյան
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյան

Մարտունու և Գյումրու ինֆեկցիոն բաժանմունքներում սիբիրյան խոց ախտորոշմամբ 14 քաղաքացի է շարունակում բուժումը, նրանք Իսահակյան և Վանևան համայնքներից են։

Սուր վարակիչ սիբիրախտը հանրապետության երեք գյուղերում բռնկվեց հունիսի վերջից։ «Արդեն մի քանի օր է, նոր դեպքեր չկան», - ասում է Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ - «Դեռ չի ծավալվել։ Նաև ինտենսիվ պատվաստումներ են հիմա ընթանում։ Էն կասկածելի տեղերը, որտեղ կասկածում ենք, որ կարող ա անասնատերերը թողած չլինեն, որ պատվաստեն, կամ ասենք հորթերի գլխաքանակը հիմա նորից էլի պատվաստում ենք»։
Սիբիրախտի սպորները հողում են լինում, չպատվաստված անասունը կարող է վարակված արոտավայրերում արածել ու սիբիրախտով հիվանդանալ, անասնատերն էլ հիվանդոտ կենդանուն մորթի ու ինքն է սիբիրախտով վարակվի։ Էկոնոմիկայի փոխնախարարը շեշտում է, որ Հայաստանի տարածքը անապահով է այս հիվանդության առումով, այդ պատճառով էլ կենդանիների պատվաստում է նախատեսված, որ 88 տոկոսով ապահովագրում է վարակից։

Կոնկրետ Իսահակյան գյուղում սիբիրախտով հիվանդացել են չպատվաստված կենդանիները, թեպետ, ըստ փոխնախարարի, գյուղի պատվաստումների մատյանում թղթի վրա պատվաստված են բոլոր կենդանիները. - «Ֆերմային անասնատերերը իրենք փաստում են, որ անասնաբույժը էկել պատվաստել ա։ Այնինչ անասնաբույժը էկել ա, ստորագրությունները հավաքել ա, ասել ա՝ դուք ստորագրեք, ես հաշվետվությունը հանձնեմ, մի քանի օրից հետո կգամ, կսրսկեմ։ Ու չի էկել սրսկել։ Հիմնական պատճառը դա ա եղել»։
«Իսկ Տորֆավան ու Վանևան համայնքներում պատվաստումների թերացում չի եղել», - շեշտում է Տիգրան Գաբրիելյանը։ Նրա խոսքով, հնարավոր է, որ այստեղ կենդանիները հյուծված են եղել, պատվաստվել են, բայց իմունիտետ ձեռք չեն բերել։

Տորֆավանի համայնքապետը համաձայն է։ Նրա խոսքով, գարնանը, երբ գյուղի անասուններին պատվաստեցին, վերջիններս առողջապես լավ չէին. - «Սխալ ա նրա համար, որ էդ ժամանակ անասունները հյուծված են, նոր գոմից դուրս են գալիս, որ պըտի էթան արոտ, մի քիչ լավանան, չաղանան։ Էդ ժամանակ հյուծված են, իմունիտետ չեն կարա ձեռք բերեն էդ սրսկումից հետո։ Դրա համար էլ էդ ժամանակ ճիշտ չի սկսելը։ Սրկսելը ճիշտ ա աշնան ժամանակ։ Համ էլ գարնանը իրանք հղի են, հղիներին չեն սկսկում։ Իսկ աշունը հղի չեն կարա լինեն»։

Այս տարի էլ հատկապես հյուծված էին, քանի որ խոտի պակաս կար։

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով, մտածում են սիբիրախտի պատվաստումը աշնանը տեղափոխելու մասին։ Այս բռնկումից հետո քննարկում են նաև գյուղի գլխաքանակը ոչ թե մեկ անասնաբույժի հույսին թողնել, այլ մասնագետները խմբով գյուղ մտնեն, ներարկումներն անեն ու հեռանան։ Գյուղերում նույնպես կարծում են, որ մեկ անասնաբույժը քիչ է։
Այս պահին Իսահակյանը, Վանևանը, Տորֆավանը տեսչական մարմինների հսկողության տակ են, որպեսզի համայնքներում վտանգավոր միս չմնա, վտանգավոր կաթ չմթերվի։

«Մորթը արգելված ա, կաթը չեն մթերում։ Կաթը տներում մենակ ջերմային մշակումից հետո կարան օգտագործեն», - ասում է ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային տեսուչ Արամ Վարդանյանը։
Թանկարժեք կենդանիներին կորցրած գյուղացիները փոխհատուցում են ուզում պետությունից, հիշեցնում են, որ մի կովը մինչև 500 հազար դրամ արժե։

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ասում է, որ փոխհատուցման ենթակա հիվանդությունների հատուկ ցանկ կա, և այդ ցանկում չկա սիբիրախտը։ Սա փոխնախարարը տրամաբանական է համարում՝ շեշտելով, թե պետությունն անվճար պատվաստում է կենդանիներին, թող հետևողական լինեն նաև գյուղացիները։
Այժմ այս համայնքներում կրկնակի պատվաստումների փուլն ավարտվել է, կենդանիները չոր ու անխոտ դաշտերում են, մի քանի վատառողջները՝ գոմերում։

XS
SM
MD
LG