Ճապոնիայի կառավարության որոշմամբ, մայրաքաղաք Տոկիոյում և Ամառային օլիմպիադան հյուրընկալող մյուս ավաններում մարզական միջոցառումների օրերին կձեռնարկվեն կորոնավիրուսի համավարակի հնարավոր տարածումը զսպելու աննախադեպ խիստ միջոցներ:
Ներկայումս գործող արգելքներն ուժի մեջ են մինչև հուլիսի 11-ը, սակայն չի բացառվում, որ կառավարությունը կերկարաձգի ժամկետը: Այդ ռեժիմը գործում է Տոկիոյի Կանագավա, Տիբա և Սայտամա վարչական շրջաններում:
Մինչև հունիսի 20-ը Տոկիոյում գործել է արտակարգ դրություն, որի առավել խիստ դրույթները մասամբ չեղարկվել են:
Ենթադրվում է, որ Տոկիոյում Օլիմպիադայի օրերին կսահմանափակվի ռեստորանների, բարերի և ժամանցի հիմնարկների աշխատանքը և ամբողջությամբ կարգելվի ալկոհոլի վաճառքը:
Ճապոնիայում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր ախտահարվել է 806 հազար մարդ, մահացել է ավելի քան 14 հազար 800 հիվանդ:
Ամառային օլիմպիադան Տոկիոյում պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հետաձգվել է և տեղի կունենա այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Օլիմպիադայի կազմկոմիտեն վճռել է, որ օտարերկրացի մարզասերներն ընդհանրապես ներկա չեն լինի Օլիմպիադային, իսկ ճապոնացիներից միայն մինչև 10-ը հազար երկրպագուներ կստանան մրցումները դիտելու հնարավորություն: Մարզասրահների տեղերի միայն 50 տոկոսը կտրամադրվի երկրպագուներին: