Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր արձակել է Ազգային անվտանգության ռազմավարությունը վավերացնելու հրամանագիրը: Փաստաթուղթն այսօրվանից ուժի մեջ է մտել:
«Այս ռազմավարության իրագործումը նպաստելու է Ռուսաստանի ժողովրդի անվտանգությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կենսամակարդակի և բարեկեցության աճին, երկրի պաշտպանունակությանը, ռուսաստանյան հասարակության միասնությանը և համախմբվածությանը, ազգային նպատակների իրականացմանը, մրցունակության և Ռուսաստանի Դաշնության միջազգային վարկի ամրապնդմանը»,- ասվում է փաստաթղթի ներածական մասում:
Ռուսաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը պարբերաբար փոփոխվող փաստաթուղթ է, որը հաշվի է առնում աշխարհում և Ռուսաստանում տեղի ունեցող անվտանգային, քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմնական միտումները: Նախորդ անգամ այն հաստատվել է 2015 թվականին:
Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ փաստաթղթի այս նոր տարբերակի մշակումը մոտ մեկ տարի է տևել: