Մատչելիության հղումներ

«Շատ մարդիկ կանգնեցին իմ կողքին, ինձ ուժ տվեցին»․16-ամյա Հրաչը շարունակում է շենացնել տունը


«Ես էս ընթացքում շատ տառապանքների միջով անցա, բայց դա ցույց տվեց, որ կյանքում ինչ էլ լինի, հանձնվել չկա, մարդ չպիտի հանձնվի, մարդ կարա ամեն ինչին էլ դիմանա»․ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 16-ամյա բնակիչ Հրաչն է։ 44-օրյա պատերազմում զոհված հորը հողին հանձնելուց և եղբորը ողջերի ու զոհվածների ցուցակներում չգտնելուց հետո Երևանում կիսատ էր թողել կրթությունն ու վերադարձել հայրենի գյուղ՝ մոր, կրտսեր եղբոր ու քրոջ խնամքն ուսերին առնելու։ Ասում էր՝ բոլոր հույսերը կորած են, թե կարող է տան մեծերի արածն անել, ընտանիքը ոտքի կանգնեցնել։

«Ես էլ չեմ պատկերացնում՝ ոնց պետք ա անեմ, չեմ էլ պատկերացնում, որ կարամ անեմ, իրանք ոնց որ դրսի պատն էին, դրսի պատը, որ քանդվեց, տունը ո՞նց կարա տուն դառնա, չի կարա դառնա դա տուն, պիտի դրսի պատը միշտ ամուր լինի։ Հիմա էդ երկու ամուր պատը քանդվել ա»,- ասաց Հրաչը։

«Ազատության» եթերում նրա պատմությանն արձագանքեցին ու ընտանիքի վիշտը կիսեցին հարյուրավոր մարդիկ։ Պետությունից ստացած դրամական օժանդակությունից բացի, մի քանի տասնյակ բարեգործներ Հայաստանից ու արտերկրից օգնություն հասցրին։

«Էն ժամանակ ես չեմ իմացել, որ կհայտնվի ինչ-որ մարդ, որ կուզենա իմ կողքին կանգնել, բայց երբ որ տեսա, որ շատ մարդիկ կան, շատ-շատ են եղել, որ կեսն ուզեցել ա` չի կարողացել, կեսն ուզեցել ա և կարողացել ա ու տենց կանգնեցին իմ կողքին, ինձ ուժ տվեցին, ես հասկացա, որ չպետք ա ընկնեմ` ինչ էլ որ լինի, միշտ պիտի կանգնած մնամ ես», - ասաց Հրաչը։

Այսօր արդեն իրենց կացարան դարձած ավտոտնակի փոխարեն քարե լայնարձակ, երեք սենյականոց տուն է։ Ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո հարմարավետ բնակարան կունենան։ Խոհանոցն ու սանհագույցն արդեն ավարտուն տեսք ունեն։

«Իմ համար ամենակարևորն էն էր, որ իմ քույրն ու փոքր եղբայրը, նաև իմ մերը նորմալ տեղ են քնելու ու վեր կենալու, որ իրանք չեն մրսելու», - նշեց 16-ամյա տղան։

Հոգսից թեթևացած ընտանիքը ցանքս է արել, կենդանիներն ավելացրել, բարեկարգ անասնագոմ կառուցել։ Հրաչը բակում երեկ իր ձեռքով նաև մի նոր ծածկ է կառուցել՝ խոտը կուտակելու համար։ Աշնանը սարից ոչխարներն ու կովերը կվերադառնան։

«Ես ինչ ծնվել եմ, ինչ հիշում եմ, մենք պայքարել ենք, որ մենք մեզանով ինչ-որ մի բանի հասնենք ու մեկ էլ որ սենց շատ արագ ա ամեն ինչ լինում, մի փոքր ինձ համար շատ անսպասելի էր, բայց դե պիտի հավատանք», - նշեց Հրաչը։

Տղան ասում է՝ էլի շունչ քաշելու ժամանակ չունի։ Օրն սկսվում է վաղ առավոտյան, բայց անհավատալիորեն հեշտացել է ամեն ինչ, ասում է․ - «Իմ հայրը, եթե չկա, բայց ոնց էլ լինի ինքը վերևից նայում և ուրախանում է, որ իր ընտանիքն ապահով է, բայց դե, բնականաբար, ավելի լավ կլիներ, որ ինքը ողջ լիներ, մեր կողքին լիներ, մենք դժվարությամբ էս ամեն ինչին հասնեինք, քան ինքը չլիներ ու էս ամեն ինչը լիներ»։

Անասելի վիշտ կրած ընտանիքի կյանքը շատ է փոխվել անցած երեք ամսվա ընթացքում։ Պոլիէթիլենից պատուհաններ, հողածածկ հատակ ու կախված, գրեթե փլուզվող առաստաղ էլ չեն ունենա, գիշերները ցրտից չեն դողա, բայց մի երազանք դեռ անկատար է, որ մտքներին հանգիստ չի տալիս․ ընտանիքի ավագ որդին, որ առողջական խնդիրներ ունենալով հանդերձ, հոր հետ մեկնել էր ռազմաճակատ, դեռ անհետ կորածների ցուցակում է։ ԴՆԹ անալիզների ու հայտնաբերված դիակների որևէ համապատասխանություն չի գրանցվել։ Իրենք ադրբեջանցիների տարածած տեսանյութերերում երևացող հայ գերիներից մեկին ակնհայտ նմանեցնում են անհետ կորած իրենց զինվորին։ Մինչդեռ պատկան մարմինները չեն հաստատում կասկածը։

Հորաքույրը՝ Նունե Բադալյանն ասում է՝ մշտական կապի մեջ են անհետ կորած զինվորներ ունեցող ընտանիքների հետ։ Անգամ նրանցից է լսում կարծիքներ, թե ակնհայտ նմանություն կա իրենց որդու և հրապարակված լուսանկարի միջև։

«Իրանց գործը հաստատելն է, ասաում է՝ «ես չեմ կարա հաստատեմ, ավելի ռեալ նկար կա՞», ասեցի՝ «այ Վաղարշակ ջան, հո պապիրոզը բերանը՝ խոլի վրա նստած չեն նկարի, որ ասես, հա էս լավ նկար ա, ի՞նչ պահանջատիրության ձև եք, ասի, բռնել»։ Սաղ վախտ դիմում եմ, ո՞վ ա ինձ շան տեղ դնում», - ասաց մայրը։

Մինչ իրավապահներն ու գերիների հարցերով զբաղվող կառույցները քննում են Բադալյանների կասկածները, 16-ամյա Հրաչը շարունակում է շենացնել տունը՝ սրտում մի թաքուն հույս, որ ևս մի հրաշք կլինի իր կյանքում՝ եղբայրը կվերադառնա ու միասին կվայելեն այն, ինչ հնարավոր եղավ ստեղծել անպատկերացնելի կարճ ժամանակում։

«Դե, ոնց տեսնում եք, տներն արդեն սարքված են, անասուններս կշատանան և եղբայրս էլ, Աստված իրա հետ, հետ կգա բարով խերով և ոնց որ ասում ա, կյանքն էլի կշարունակվի», - ասաց Հրաչը։

XS
SM
MD
LG