Մատչելիության հղումներ

Այսուհետ վարորդների խախտումները կարող են արձանագրել նաև քաղաքացիները


Եթե քաղաքացին տեսա կամ լուսանկարահանել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների մեքենան, ապա Ֆեյսբուք տեղադրելու փոխարեն այսօրվանից արդեն կարող են ուղարկել Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։ Խախտումն ուսումնասիրելուց հետո կկազմվի համապատասխան արձանագրություն։

Նախագիծը դեռ 2 տարի առաջ Ազգային ժողով բերեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Չնայած սուր քննադատություններին, այն ընդունվեց, իսկ նախորդ տարվա հունիսին հաստատվեց Կառավարության կողմից։ Խոսել արդյունավետության մասին դեռ վաղ է, պետք է սպասել առնվազն 6 ամիս, բայց որպես վերահսկողության ևս մեկ մեխանիզմ, «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի համահիմնադիր Մանյա Սարգսյանը դրական ակնկալիքներ ունի։

«Ամեն քաղաքացուն մի ճանապարհային ոստիկան չեն կարող կցել, իսկ մեր հասարակությունն այսօր դեռ չունի այն քաղաքակրթվածության, կրթվածության աստիճանը, որ յուրաքանչյուրը հասկանա, որ իր իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինինը: Մերգելյանի տարածքում ենք գտնվում, եթե այս հատվածով շրջեք, կտեսնեք, որ հնարավոր չէ ուղղակի մայթերով քայլել, որովհետև բոլորը գրավվել են մեքենաների կողմից», - նշեց Սարգսյանը:

Խախտումներն արձանագրելու համար քաղաքացիները պետք է activesociety.am վեբ կայքից ներբեռնեն համապատասխան հավելվածը, որը տալիս է խախտումները տեսանկարահանելու, լուսանկարելու և շարունակական տեսանկարահանում իրականացնելու հնարավորություն՝ պարզաբանում է հավելվածը մշակող ընկերության ներկայացուցիչը։

«Տեսանկարահանման միջոցով վիդեոարտապատկերումն է, այսինքն սեղմելով այստեղ կարող են կատարել համապատասխան ձայնագրություն, ձայնագրության տևողությունը կարող է լինել 30 վայրկյան, իսկ եթե տվյալ ֆիքսումը վերաբերում է կայանմանը կամ կանգառին, կարող է՝ մինչև 61 վայրկյան ոչ ավելի», - ասաց ընկերության ներկայացուցիչ Արամ Մխիթարյանը:

Հավելվածը հնարավորություն է տալիս մինչև 5 լուսանկար ուղարկել և նաև շարունակական տեսանկարահանում իրականացնել։ Ի՞նչ է դա ենթադրում, օգտատերը կարող է բջջային հավելվածը միացրած պահել և համապատասխան խախտում տեսնելու դեպքում, համակարգը 10 վայրկյան հետ կգնա և այդ պահից սկսած տեսանյութ կնկարի՝ ուղարկելով խախտումների արձանագրման կենտրոն։

Հավելվածը նաև օգտատերերին զսպելու մեխանիզմ է նախատեսում, օրինակ, եթե մեկ անձի կողմից մեկ ամսվա ընթացքում երկու անգամ նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ուղարկված խախտումը չհիմնավորվի կամ մեկ ամսվա ընթացքում հինգ և ավելի անգամ ներկայացրած տվյալների արդյունքում խախտումը չհաստատվի, տվյալ օգտատիրոջ համար հավելվածը 2 ամսով կսահմանափակվի։

Կօգտվե՞ն քաղաքացիները այս հավելվածից, թե՞ ոչ, կամ ի՞նչ կարծիք ունեն վարորդները դրա մասին, փորձեցինք պարզել փոքրիկ հարցման միջոցով։

«Ամեն դեպքում եթե այդքան բան անեմ, բա ոստիկանները ինչի են աշխատում, եթե սովորական մարդիկ պիտի անեն», - ասաց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Կան մարդիկ, որ արհամարհում են, կանգնում են, փակում են ճանապարհը, իրանց հարմար լինի, սենց մարդիկ կան»:

Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ ես չեմ նկարի, կնկարեն, երբ իրենց մաշկի վրա զգան վտանգը, վստահ է Մանյա Սարգսյանը. «Ես առաջարկում եմ ուղղակի անմեղ, այն անմեղ մարդկանց, ովքեր անմեղ են եղել տվյալ վթարի արդյունքում, գնալ իրենց աչքերին նայել ու իրենց ասել՝ դուք գործ տվող եք»:

Հավելվածի արդյունավետությունը մեծապես կախված է նաև ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքով, ասում է Մանյա Սարգսյանը, կարգազանց վարորդները մի քանի անգամ կլորիկ գումար տուգանվելու դեպքում հաջորդ անգամ խախտումն անելիս մի պահ գոնե կմտածեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG