Մատչելիության հղումներ

Փաշինյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է Միացյալ Նահանգների դերը ՄԽ համանախագահության շրջանակում


ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առանձնակի ընդգծել է Միացյալ Նահանգների դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Փաշինյանը, ըստ կառավարության հաղորդագրության, կարևորել է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում:

Փաշինյանի խոսքով՝ ներկայում մի իրադրություն է, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը, և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ դերակատարությունը:

Դեսպանը նշել է ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձևաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով:

Նրանք անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով, և հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաև համապատասխան առաջարկով: Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերը Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում և հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG