Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է մեքենաների պետհամարանիշերը գողանալու միջոցով շորթմամբ զբաղվող հանցավոր խումբ բացահայտելու մասին, կան կալանավորվածներ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)հաղորդում է, որ մեքենաների պետհամարանիշերը գողանալու միջոցով շորթմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել։

Նրանք բռնվել ու բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, երկու անձ ձերբակալվել է։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ: Նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

ԱԱԾ-ն մանրամասներ է հաղորդում՝ մասնավորապես նշելով՝ «հանցակցությամբ գործող անձինք որոշել են գիշերային ժամերին գաղտնի տիրանալ Երևանի տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող, սովորականից թանկ հաշվառման համարանիշերին, ավտոմեքենաների դիմապակիներին թողնել իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, իսկ ապօրինի տիրացած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը:

Հանցավոր մեխանիզմի գործադրման արդյունքում հիշյալ անձինք 2021 թվականի ապրիլից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում ապօրինի, գաղտնի տիրացել են Երևան քաղաքում կայանված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների՝ սովորականից թանկ՝ 250 հազար դրամ և ավելի արժողությամբ զույգ համարանիշերին, որից հետո իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներին ստիպել են իրենց կողմից նշված կրիպտոարժութային հասցեից գնել կրիպտոարժույթ և փոխանցել իրենց թվային արժույթի դրամապանակներին, որպիսի գործողությունները կատարելուց հետո կարճ հաղորդագրություններով սեփականատերերին տեղեկացրել են, թե որտեղ են թաքցրել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը։ Խմբի անդամների ինքնությունները բացահայտվել են»:

ԱԱԾ-ն հորդորում է տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» և «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը՝ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

XS
SM
MD
LG