Մատչելիության հղումներ

Ըստ Կիևի՝ առաջիկայում թուրք և ուկրաինացի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի տարածքում


Զորավարժություններ Ուկրաինայում, արխիվ
Զորավարժություններ Ուկրաինայում, արխիվ

«Առաջիկայում թուրք և ուկրաինացի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի տարածքում»․ երեքշաբթի օրն այս մասին հաղորդեց Ուկրաինայի բանակի ցամաքային ուժերի հրամանատարությունը` տեղեկացնելով, որ երկկողմ ռազմական կապերի ամրապնդման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել բարձրաստիճան թուրք զինվորականների՝ Կիև կատարած այցի շրջանակներում։

«Բացի այդ, Կիևն ու Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն Թուրքիան զինվորական հրահանգիչներ կուղարկի մեր երկիր՝ Ուկրաինայի ԶՈւ համար սպայական կադրեր պատրաստելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքական կողմի հետ բանակցությունների առանցքային մասնակիցների մեկի՝ ուկրաինական բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով էլ, Անկարայի և Կիևի միջև ռազմական հարաբերությունների խորացումը պատահական չէ։ Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը Թուրքիային անվանել է «ռազմավարական դաշնակից»՝ ընդգծելով․ - «Մենք բավական մեծ փորձ ունենք, որով կարող ենք կիսվել միմյանց հետ, չէ որ մեր երկու պետությունների բանակներն այս պահին էլ ռազմական գործողություններ են վարում»։

Պաշտոնական Կիևը նաև հիշեցնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԶՈւ միջև հարաբերությունների սերտացման հերթական փուլը սկիզբ առավ այս տարվա գարնանը։ Մարտ ամսին էր, որ Ուկրաինայի բանակի մի շարք բարձրաստիճան հրամանարներից կազմված պատվիրակությունը ժամանեց Անկարա՝ բանակցություններ անցկացնելով Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի հրամանատար Ումիտ Դյունդարի հետ։

Գեներալ Դյունդարը թուրքական բանակի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկն է։ Հենց գեներալ Դյունդարն էր, որ, ըստ մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականի, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ միասին անցած տարվա աշնանը ժամանել էր Բաքու՝ 44-օրյա պատերազմի սկզբնական փուլում՝ սեպտեմբերի 28-ից 30-ը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում հարձակում ձեռնարկած ադրբեջանական ստորաբաժանումների ընդհանուր կառավարումը։

Վերադառնալով Կիևի և Անկարայի հարաբերություններին՝ նշենք, որ, ըստ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարի, հենց Ումիտ Դյունդարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ է, որ Թուրքիան սկսել է դիտարկել Ուկրաինայի տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու հեռանկարը։

Ուշագրավ է, որ թուրք-ուկրաինական ռազմաքաղաքական կապերի սերտացման մասին կողմերը ազդարարեցին այսօր Անթալիայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցություններից մեկ օր առաջ։

Պաշտոնական Մոսկվան Կիևի և Անկարայի ռազմական կապերի ամրապնդման հանդեպ իր բացասական վերաբերմունքը չի թաքցնում՝ դիտարկելով դա նախևառաջ Կիևի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի հարաբերությունների խորացման համատեքստում։

Նախորդ շաբաթ, օրինակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը իր ելույթներից մեկում հատուկ նշում էր, որ իր թուրք պաշտոնակցի հետ պատրաստվում է քննարկել «Ուկրաինայի՝ ՆԱՏՕ ներքաշման հարցը»։

XS
SM
MD
LG