Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Եվրամիության առաքելության ղեկավար Դիրկ Շուբելին այսօր հայտնել է, որ Բելառուսը սկսում է «Արևելյան գործընկերության» ծրագրից դուրս գալու գործընթացը: Շուբելը ստացել է երկրի տարածքը լքելու կարգադրություն:
«Բելառուսի նկատմամբ Եվրոպական միության կողմից սահմանված աննախադեպ պատժամիջոցների կապակցությամբ այսօր Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Բելառուսում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը: Հանդիպման ընթացքում նախարարությունը Շուբելին փոխանցել է, որ ինքնիշխան և անկախ պետության վրա պատժամիջոցներով ճնշում բանեցնելու գործելակերպը համարում է բացարձակ անընդունելի:
Դիվանագետը տեղեկացվել է Բելառուսի ազգային անվտանգությանը, տնտեսությանը և քաղաքացիներին սպառնացող քայլերին արձագանքելու մասին: Բելառուսը հայտնել է, որ դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Եվրամիությունում Բելառուսի մշտական ներկայացուցիչը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Մինսկ:
Բելառուսը կարգելի Եվրամիության ներկայացուցիչների մուտքը և կձեռնարկի մի շարք այլ պատասխան քայլեր:
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկն ափսոսանք է հայտնել Մինսկի այդ որոշման համար:
«Ցավալի քայլ, Բելառուսը փակում է Եվրամիության հետ շփվելու ևս մեկ խողովակ: «Արևելյան գործընկերությունից» դուրս գալը բացասական ազդեցություն կգործի ազնիվ, ազատ և արդար ընտրությունների արժանի Բելառուսի քաղաքացիների վրա»,- հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարը:
«Արևելյան գործընկերությունը» Եվրոպական միության նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2009 թվականին և ունի նախկին խորհրդային վեց երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլոդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ ինտեգրումը խթանելու նպատակ: