Մատչելիության հղումներ

«Հալեպ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մեկնարկել է «Խղճմտանքի ձայներ. արևմտահայ թատերգություն» ծրագիրը


Հունիսի 26-ին լրացավ Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյա հոբելյանը։

Հոբելյանական տարվա շրջանակներում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ «Հալեպ» հասարակակական կազմակերպությունը «Խղճմտանքի ձայներ. արևմտահայ թատերգություն» խորագրի ներքո հանդես է գալիս մի ուշագրավ նախաձեռնությամբ՝ իրականացնելով շատ հետաքրքիր մի նախագիծ՝ արևմտահայ մեր նշանավոր գրողներին ներկայցնել հայ ժամանակակից թատրոնի բեմում։

Առաջինն այս նախագծի շարքում մեր հանդիսատեսի դատին է հանձնվել արևմտահայ մեծանուն գրող, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհ դարձած Գրիգոր Զորհրապի «Փոստալ» նորավեպի թատերականացված տարբերակը, որի պրեմերան տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։

Այս երեկո ևս մեր հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել Գրիգոր Զոհրապի հանրահայտ «Խղճմտանքի ձայներ» ժողովածուի մեջ ընդգրկված «Փոստալ» նորավեպի հիման վրա ստեղծված բեմադրությունը:

Նախագծի հեղինակ Ավետիս Ափոշյանը հույս ունի հետագայում Գրիգոր Զոհրապի անվան արևմտահայերենի թատրոն հիմնել, քանի որ թատերական գործունեությունը լեզվի պահպանման, նաև այն հասանելի դարձնելու մեծ հնարավորություններ է ստեղծում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ, լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. - «Այն միջավայր է, հոգևոր տիրույթ է, մտավոր տիրույթ է, և առանց այդ տիրույթի լիարժեք դրսևորման մարդ չի կարող հոգեբանորեն և բարոյապես իրեն զգալ լիարժեք»։

Այս նախագծի շրջանակում նախատեսվում են նաև արևմտահայ հեղինակների գործերի բեմադրություններ նաև մարզերում, որոնցից առաջինը տեղի կունենա հուլիսին, նախ՝ Էջմիածնում, իսկ հետո՝ Վանաձորում:

Նախարարության աջակցությունը այս նախագծին Խզմալյանը հետևյալ կերպ է բացատրում. - «Մեր քաղաքականության առանցքներից մեկը եղել է և կա պրոֆեսիոնալ խմբերին աջակցելը, պրոֆեսիոնալ գործունեություն ծավալող կառույցներին աջակցելը։ Բայց կան դեպքեր, երբ կարծեք թե պրոֆեսիոնալ կարգավիճակից բացի, կան նաև հավելյալ արժեքներ։ Եվ «Հալեպ» հասարակական կազմակերպության ներկայացրած հայտը այդ հավելյալ արժեք պարունակող հայտերից էր։ Տարբեր պատմական, քաղաքական, աշխարհաքաղաքական հանգամանքներից ելնելով, մեր հայրենակիցները եկել են Հայաստան, արմատավորվում են Հայաստանում և պետք է հնարավորություն ունենան այն լեզուն, որ իրենք կրում են՝ արևմտահայերենը դրսևորելու հնարավորություն ունենան։ Արևմտահայերենը իսկապես հարստություն է, իսկապես պատմական շերտ է հսկայական, և այդ շերտը պետք է պահպանել, այդ շերտը պետք է փայփայել։ Եվ ի վերջո, կա այդ շերտը այդ շերտը կրող մի լայնածավալ խումբ, և այստեղ առանձին անհատի իրավունքի և լիարժեքության խնդիրն ինձ համար ավելի կարևոր է, քան որևէ այլ խնդիր»։

Դիտարկմանը, թե արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների բեմադրությունները նախկինի համամետ նվազել են ու հարցին, թե արդյոք անհրաժեշտություն չկա կրկին լայնորեն անդրադառնալ արևմտահայ ու սփյուռքահալ հեղինակներին, Խզմալյանն արձագանքեց. - «Սա շատ բարդ, մասնագիտական քննարկման հարց է. Որովհետև օրինակ ես արհեստական եմ համարում այն խոսակցությունները, որոնք վերաբերում են արևմտահայերենի և արևելահայերենի միաձուլմանը։ Ես համարում եմ, որ սրանք տարբեր համակարգեր են, և լուրջ լեզվաբանական քննարկման չեն դիմանում այս խոսակցությունները։ Ընդհանրապես լեզվի խնդիրը թատրոնում և արվեստում բարդ խնդիր է։ Օրինակ Սունդուկյանի բարբառը, թիֆլիսահայերի բարբառը, Սունդուկյանի դրամատուրգիան այսօր ներկայացնելու լրջագույն խնդիր կա, որովհետև այդ լեզուն ընկալող միջավայրն է շատ նեղ։ Այս իմաստով իհարկե ժամանակը իր անելիքը անում է, և ժամանակ մտցնում է փոփոխություն արժեքաբանության մեջ և արժեքների առաջնահերթյան մեջ։ Դրա համար ոչ թե նպատակ ունենք խորանալու լեզվի քաղաքականության, լեզվաբանական խնդիրների մեջ, այլ մեր խնդիրն է, որ եթե կա հանրություն, որը այս կամ այն լեզվի և այս կամ այն արժեքի կրողն է, այդ հանրությունը պետք է հնարավորություն ունենա ստեղծագործելու այդ լեզվով, այդ արժեքաբանական տիրույթում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG