Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը դատապարտելի է համարում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ գերիների դատավարությունների լուսաբանումը


Ադրբեջանական իշխանությունները գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե են արհամարհել, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Փոխարենը` զբաղվել են քաղաքական սակարկություններով ու մարդկանց առևտրով. օրինակ՝ տարածքային կամ ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս պատանդ պահվող մարդկանց փոխանակելու հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը», - մասնավորապես ընդգծել է Թաթոյանը:

Ըստ օմբուդսմենի՝ գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած դատավարություններն արհեստական են, «արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են միայն նրա համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ»:

«Դատավարությունների հիմքում դրվում են գերիների «խոստովանական ցուցմունքները» ու դա արվում է այն պայմաններում, երբ ամենօրյա իրական սպառնալիքի տակ է գերիների կյանքը, կոպիտ խախտված է անմարդկային վերաբերմունքի բացարձակ արգելքը։ Շարունակվում է պետական մակարդակով թշնամանքի հրահումը: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով այս պրակտիկան հիմնավորված է Պաշտպանի հատուկ զեկույցում: Նման պայմաններում ավելորդ է խոսել արդար դատաքննության կամ որևէ այլ իրավունքի մասին», - ընդգծել է պաշտպանը:

ՄԻՊ-ը հատկապես դատապարտելի է համարում ադրբեջանական իշխանությունների կողմից դատավարությունների ցուցադրական լուսաբանումը մարդու արժանապատվությունը ոտնահարող եղանակներով. «Այդ լուսաբանումներից հետո ամեն անգամ Ադրբեջանում բարձրանում են գերիներին տանջելու, սպանելու կոչեր, հրահրվում է ատելություն (ապացույցները փաստագրված են)»:

«Չպետք է մոռանալ այն հիմնարար փաստը, որ գերեվարումները տեղի են ունեցել արցախյան հակամարտության շրջանակներում, որը մինչ այժմ չի ավարտվել: Այսինքն` Ադրբեջանում պահվող բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ի սկզբանե:

Հետևաբար, ցանկացած դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ` դրանք ինչ-որ ձև լեգիտինացնելու երանելի ցանկությամբ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան», - ընդգծել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս փաստերին և ադրբեջանական իշխանությունների պահվածքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG