Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլև` հայաստանյան ժողովրդավարության կենսունակությունը: Հիմա, սակայն, անհրաժեշտ է անցնել համախմբման և իրական բարեփոխումների. Ընդհանուր առմամբ, այսպես կարելի է ձևակերպել այն գնահատականը, որ տալիս էին Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն ու արևմտյան փորձագետները` Հայաստանում ստեղծված իրավիճակին:
Այս թեմայով առցանց քննարկումը կազմակերպել էր Բրյուսելում գործող «Եվրոպական քաղաքականության կենտրոնը»`պարզելու` ինչպես են անցել ընտրությունները, ինչ մարտահրավերի առջև է կանգնելու Հայաստանի նոր կառավարությունը, և ինչ կարող է անել Եվրամիությունն` այդ հարցում աջակցելու համար:
Դրական գնահատելով քվեարկության կազմակերպումն ու ընթացքը` Եվրամիության դեսպանը միաժամանակ կրկնեց արևմտյան դիտորդների մտահոգությունը` «նախընտրական շրջանում քաղաքական դիրքորոշումների ու գաղափարների փոխարեն հնչում էին, մեղմ ասած, կոպիտ հայտարարություններ, օգտագործվում էին խորհրդանիշներ, որոնք հատուկ չեն ընտրություններին: «Այս մթնոլորտում համերաշխության գնալը բարդ է, բայց դա հենց այն է, ինչի կարիքն այսօր այս երկիրն ունի», - ասաց Եվրամիության դեսպանը:
«Դա հեշտ գործ չէ: Նման հռետորաբանությամբ և դրամայով հաղթելուց հետո պետք է ետքայլ անես և փոխես պահվածքդ: Կարծում եմ, սա նաև նշանավորում է հեղափոխության վերջը, և այժմ մենք մտնում ենք նոր փուլ: Այս կառավարությունը երկու անգամ արդեն մանդատ է ստացել ժողովրդից, ինչը հույս ունեմ` որոշակի վստահություն կտա նրանց` գործադիրի կազմում նաև փորձագետների ներառելու համար», - ընդգծել է Անդրեա Վիկտորինը:
«Ընտրությունների ազատ և արդար անցկացումը անշուշտ կարևոր նախապայման է` զարգացման համար, բայց` ոչ բավարար», - կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:
Վերջինիս համոզմամբ, արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը վերջնականապես չի հանգուցալուծվել, և հետընտրական շրջանը լի է լինելու մարտահրավերներով, ինչպես` բուն ընտրականը: Դրա համար Փաշինյանը պետք է կառուցողական լինի, և կամուրջներն այրելու փոխարեն` նորերը կառուցի, ասում է վերլուծաբանը:
«Պետք է շատ ավելին անել` հաղթահարելու կառավարության խորը բացթողումները, ինչպես գնալ փոխզիջումների`հանուն համընդհանուր համերաշխության: Այս առումով ես մտահոգություններ ունեմ` երկու պատճառով: Նախ, առկա բևեռացումը հիմա տեղափոխվելու է խորհրդարան, իսկ ես այնքան էլ մեծ վստահություն չունեմ ընդհանուր հայտարարի գալու` կառավարության, կամ էլ` ընդդիմության կարողության մեջ: Երկրորդ մտահոգությունս այն է, որ վարչապետ Փաշինյանը` իր ստացած նոր մանդատով, կարող է ներքաշվել ապակառուցողական և քինոտ` վենդետաների վտանգավոր քաղաքականության մեջ: Մենք պետք է քաջալերենք կառավարությանը խուսափել դրանից», - նշել է Ռիչարդ Գիրագոսյանը:
Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոերսը համակարծիք է՝ եթե Փաշինյանի կառվարությունը շարունակի առաջնորդվել ագրեսիվ հռետորաբանությամբ` իրական բարեփոխումների փոխարեն, Հայաստանում քաղաքական անկայունությունը կարող է երկար շարունակվել:
«Ամենամեծ մարտահրավերը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքացիական պայմանագրի համար այն է, թե արդյոք նրանք կկարողանա՞ն վերականգնել համազգային համերաշխությունը և համախմբումը, որ նրանց բերեց իշխանության թավշյա հեղափոխության ժամանակ: Դրա համար նրանք պետք է վերակառուցեն կամուրջները քաղաքացիական հասարակության հետ, զինվորականների հետ, և ամենից առաջ ու կարևորը` երկրի արտգործնախարարության հետ, որը կաթվածահար է` նախարարի ու նրա բոլոր տեղակալների հրաժարականից հետո», - նշել է Բրոերսը։
Կառավարություն ձևավորելիս Փաշինյանի հիմնական մատահրավերը ոչ թե նախարարներին պաշտոնանկ անելն է, այլ` նրանց նորերով փոխարինելը, ասում է Գիրագոսյանը, խոստովանելով` ինքն, օրինակ, չգիտի` ովքեր են լինելու Հայաստանի հաջորդ արտգործնախարարն ու փոխարտգործնախարարները, և չի էլ կարող կենսունակ և գիտակ թեկնածոիների հարուստ ցուցակ ներկայացնել: Այս իրավիճակում, պնդում էին փորձագետները, նոր իշխանությունը պետք է նախապատվությունը տա ոչ թե քաղաքական դեմքերի, այլ`արհեստավարժ ու չեզոք մասնագետների:
Խոսելով արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին` փորձագետները փաստում են` հետպատերազմյան շրջանում ակնհայտ է, որ էլ ավելի է մեծանում Հայաստանի կախվածությունը Կրեմլից:
«Երևանն այսօր Ռուսաստանին է հանձնում Ադրբեջանի հետ իր սահմանի վերահսկողությունը, ինչը սասանում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը», - ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Մյուս կողմից, վերլուծաբանը չի բացառում, որ առաջիկայում կարող ենք ականատես լինել նաև Մինսկի խմբի առավել մեծ ներգրավվածությանն այս հարցում:
«Դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին լեգիտիմացնել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու` իր կողմից, միանձնյա ընդունված որոշումը, ինչպես նաև վերականգնել Եվրամիության ու Միացյալ Նահանգների մասնակցությունը: Ռուսաստանի համար սա հետպատերազմյան կայունության համար պատասխանատվության բեռը Եվրամիության, Ամերիկայի հետ կիսելու փորձ է` այլևս Ռուսաստանի կողմից ստեղծված նոր իրականությունում: Մյուս կողմից, սա եզակի հնարավորություն է, որտեղ Ռուսաստանը կարող է աշխատել Արևմուտքի հետ, և ոչ թե` ընդդեմ», - նշել է Գիրագոսյանը:
Ընդ որում, փորձագետները վստահ են` թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերները հաղթահարելու համար Հայաստանին հստակ ռազմավարություն ու տեսլական է պետք` հատվածական բարեփոխումների ու բարձրագոչ կարգախոսների փոխարեն: