Մատչելիության հղումներ

Իրանի նորընտիր նախագահը կողմ է միջուկային բանակցություններին, սակայն մտադիր չէ հանդիպել ԱՄՆ ղեկավարին


Իրանի ընտրյալ նախագահ Էրբահիմ Ռայիսին, Թեհրան, 21 հունիսի, 2021թ.
Իրանի ընտրյալ նախագահ Էրբահիմ Ռայիսին, Թեհրան, 21 հունիսի, 2021թ.

Իրանի Իսլամական Հանրապետության ընտրյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին միջուկային օրակարգով բանակցային գործընթացը շարունակելու կողմնակից է, սակայն բացառում է տեսանելի ապագայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու հնարավորությունը:

Այդ մասին Իրանի նորընտիր ղեկավարն ասել է ընտրություններից հետո տեղի ունեցած առաջին ասուլիսում:

«Մենք կողմ ենք մեր ազգային շահերին առնչվող բանակցություններին, բայց Իրանն իր տնտեսությունը և մարդկանց կյանքը չի կապի բանակցությունների հետ և չի բանակցի սոսկ հանուն բանակցության: Մենք թույլ չենք տա, որ Վիեննայի բանակցությունները մտնեն փակուղի», - ասել է Ռայիսին:

Նրա փոխանցմամբ, արտաքին ասպարեզում Իրանը հավատարիմ կլինի աշխարհի հետ ակտիվ և հավասարակշռված երկխոսության սկզբունքին: Ռայիսին ասել է, որ Իրանի համար առաջնահերթություն է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկումը:

Նա ընդգծել է, որ ինքը մտադիր չէ բանակցել ԱՄՆ ղեկավարի հետ, իսկ Իրանի ներկայացուցիչներն ամերիկյան կողմի հետ բանակցելու են միայն 2015 թվականի միջուկային պայմանագրի վերականգնման հնարավորության շուրջ:

Հունիսի 18-ին նախագահ ընտրված Ռայիսին ասել է, որ ներքին ասպարեզում նոր կառավարության հիմնական խնդիրը կլինի ժողովրդի կյանքի բարելավումը:

XS
SM
MD
LG