«Լեռնային Ղարաբաղում և Գազայում տեղի ունեցած վերջին պատերազմները ուրվագծում են ապագա հակամարտությունների պատկերը», - պնդում է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը։
«2020 թվականին Կովկասում ծագած պատերազմը, որը շուրջ 6 հազար մարդու կյանք խլեց, ամերիկացիների մեծամասնության համար աննկատ անցավ», - գրում է հոդվածի հեղինակը՝ ռազմական փորձագետ, պաշտոնաթող ամերիկացի զինվորական Ջեյսոն Քրաբթրին՝ հիշատակելով նաև գարնանը Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան «Համաս» շարժման միջև ծագած բախումների մասին։
«Այս երկու կարճատև հակամարտությունները կարող են որոշակի դաս հանդիսանալ ապագայի մարտական գործողությունների, մասնավորաբար` դրանցում օդուժի կիրառման հարցում։ Խոսքը մասնավորապես հայկական ուժերի դեմ Թուրքիայից փոխառնված F-16 ինքնաթիռների և նոր անօդաչու թռչող սարքերի խմբաքանակի օգտագործման, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայում գտնվող թիրախները արհեստական բանականության օգնությամբ հայտնաբերելու պրակտիկայի մասին է», - նշում է Foreign Policy-ն։
«Չի բացառվում, որ Հայաստանի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի, պաշտպանական համակարգերի, ինչպես նաև հետախուզական պլատֆորմների կիրառումն այսօր ուշի-ուշով ուսումնասիրում են նաև ՆԱՏՕ-ի կենտրոկայանում, քանի որ ենթադրվում է, որ Եվրոպայում հնարավոր կոնֆլիկտի դեպքում Ռուսաստանն այդ նույն գործիքակազմն է կիառելու», - նշում է ամերիկյան հանդեսը։
Փորձագետի պնդմամբ՝ 2016 թվականից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը կարողացավ հայկական կողմի այդ առավելությունը չեզոքացնել նախևառաջ միաժամանակ գործող բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների միջոցով։
«Մասնագետներից մեկի գնահատմամբ, [հայկական կողմի] շուրջ 175 միավոր սպառազինությունը՝ հիմնականում ռուսական արտադրության միջին հեռահարության հրթիռային համակարգերը, խոցվել էին միայն այն պատճառով, որ դրանք տեղորոշվել են անօդաչու թռչող սարքերի պարսերի կողմից», - գրում է հոդվածի հեղինակը։
«Մի շարք այլ վերլուծաբանների պնդմամբ էլ՝ այս պատերազմի ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ օգտագործեց փոքրաթիվ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության էին կանչում օդուժը։ Դա Աֆղանստանի պատերազմի վաղ շրջանում ամերիկացիների կողմից կիրառված մարտավարության կրկնությունն էր, երբ այս կամ այն ընդհարման ելքը որոշվում էր ավիացիոն կարգավարների՝ օդանավերի արագ ներգրավումն ապահովելու կարողության շնորհիվ», - կարդում ենք Foreign Policy-ի հոդվածում։
«Հայաստանը հյուծիչ պատերազմի կամ 90-ականների օրինակով լայնածավալ մարտական գործողությունների ակնկալիք ուներ և պատրաստված չէր համակարգված ու բազմաշերտ հարձակմանը», - գրում է Ջեյսոն Քրաբթրին՝ եզրակացնելով. - «Ադրբեջանը կարողացավ չեզոքացնել հակառակորդի ուժերը՝ վերահսկելով օդային տարածքն ու վիրահատական հարվածների միջոցով վերադարձնելով գրավյալ տարածքները»։