Մատչելիության հղումներ

«Ճնշումս էլ ա իջել, նորմալ ա սաղ» . Սյունիքի Վերիշեն-Ակներում ընտրության արդյունքից գոհ են


Ակներցի Սաշիկ Ավագյանի ճնշումը կարգավորվեց ընտրությունների հենց հաջորդ օրը:

«Ճնշումս էլ ա իջել, նորմալ ա հիմա, զգում եմ, որ վարչապետ կա արդեն, նորից ընտրվեց: Սենց մարդիկ են պետք, ոչ թե թալանչիներ գան նորից», - ասաց Ավագյանը:

Սյունիքի մարզի Ակներ գյուղում «Քաղաքացիական պայմանագիրը» 535 ընտրողներից՝ 370 ձայն է ստացել, «Հայաստան» դաշինքը՝ 44: Թե ով ում է ձայն տվել՝ անմիջապես պարզ է դառնում գյուղի անվտանգությանը վերաբերող հարցից հետո:

Ակներն ու Վերիշենը հենց Սև լճի տակ են, արդեն 42 օր է՝ Սև լճի տարածքում՝ ադրբեջանական դիտակետեր են: Նրանց հայկական տարածքներից հեռացնելու համար քաղաքական ու ռազմական իշխանությունը խաղաղ ուղիներ է մտածում, ակների գյուղամիջում նստած տղամարդիկ խնդիր չեն տեսնում, Ռազմիկ Հայրապետյանն ասում է՝ երիտասարդ ադրբեջանցիներ են՝ գուցե սահմանը լավ չգիտեն:

«Մեր ու իրանց հողը իրար կպած են, էս կողմը մերն ա, էն կողմն իրենց ա: Երիտասարդներ են չեն իմանում», - ասաց Հայրապետյանը:​

Սաշիկ Ավագյանն էլ ավելացնում է՝ հենց հիմա իր անասունները կշտանում են Սև լճի հարակից արոտավայրում. «Կան անասուններ, մի քիչ հեռու են կանգնած, բայց վերևն արդեն զինվորներն են կանգնած, մեր զինվորները, մի պոստում էլ թուրքերն են, դե նրանք չեն էլ խոսում, բայց հետ կքաշվեն իրանց տեղերը»:​

Զրույցին միջամտեց Արմեն Գալստյանը. «Հնարավոր չի, որ տագնապ չլինի, տագնապը կա: Մի քանի օր առաջ էս գյուղից մի երեխայի վերցրել են, տարել, դիրք պահելուց ա եղել, զինվոր ա եղել»:​

Ֆելքիս Սարգիսջանյանը 80 տարի ակներում է ապրում, լիճը միշտ է մերը եղել, ասում է, ադրբեջանցիներն այնտեղ են մտել մութ գործերի հետևանքով. «Ծախած գործ ա, ինքը ի՞նչ անի, Փաշինյանը, մեղք չունի»:​

80-ամյա ակներցու ակնարկների վրա լույս է սփռում Արաքսյա Դալլաքյանը՝ լսել է՝ ադրբեջանցիները ընտրություններից հետո՝ այսօր- վաղը կհեռանան, որովհետև եկել էին ներքաղաքական խառնակչություն հրահրելու համար. «Դե մենք հույս ունեինք, որ էդ խաղ է, ասինք՝ երևի էս ընտրությունը կվերջանա, դրանք հետ կգնան, դե երեկ ա ընտրությունը հաստատվել, չգիտեմ կմնան, թե կգնան»:

Սա այն է, ինչ տիկին Արաքսյանը լսել է համագյուղացիների հետ զրույցներում, իրականում ասաց՝ Սյունքիում հաստատված ադրբեջանցիներից վտանգ զգում է. «Էդ հաստատ, որովհետև մենք ցածր ենք, միշտ մտածում ենք, որ իրանք բարձրից են կարող ա հարձակվեն, մեզ էլ տեղ չունենք փախչնելու»:​

Ակների համայնքապետը հետընտրական անհաջող տրամադրությամբ էր, չգիտի՝ ադրբեջանցիները կգնան-կմնան:

«Արդեն հարմարվել ենք, էս պահին ոչ մի խուճապ չկա», - ասաց համայնքապետ Սպարտակ Մինասյանը:​

Ակներն ու Վերիշենը տասնամյակներով անասնապահական գյուղեր են: Գյուղապետարանի պատին արոտավայրի արածեցման գրաֆիկն է. գյուղացիները որ ամսին դեպի որ արոտ տանեն գլխաքանակը, որ խոտը բարձր լինի, Սև լիճն էլ այս ժամկետանց ցանկում է, ամենուր նաև արոտների կայուն կառավարման ծրագրերն են: Ակներ-վերիշենցիները հիմա արոտները կառավարել չեն կարող, անասուններին էլ տներում կառավարել չեն կարող:

Վերիշենցի Գուրգեն Մալինցյանը բացառում է, որ ադրբեջանցիներն ինքնուրույն հետ կքաշվեն. «Բացառվում ա, պիտի կռվես, եթե Փաշինյանն ասում ա, սարերն ում են պետք, էլ ինքը չի հասկանում, թե ինչ ա կատարվում ստեղ, որ հասկանար տենց զրույց չէր անի, ժողովուրդը դրանով են ապրում ստեղ»:​

Տեր ու տիրական չեմ տեսնում, այս հարցն ամփոփում է Մալինցյանն ու հիշում Սև լճի շատ սառը ջուրը. «Սառը ջուր ա, խմելու ջուր»:

Սև լճի սառը ջուրը հիշում է նաև տիկին Արաքսյան, այնտեղ եղել է 40 տարի առաջ՝ մեղրամսի օրերին, լճում եղել է 10-ամյա Արթուրը, մեծերի հետ էր գնացել՝ կամազով, հիմա զովանում է գյուղամեջի ավազանում: Սև լիճը Սյունիքի սիրտն է, ասում է վերիշենցի Մարինե Զադայանը, որ Ակների դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենն է՝ խոսքն էլ նույն ոգով. «Հիմա պետք է բոլորը՝ ես, դու, աջը, ձախը, սևը, կապույտը, կարմիրը համախմբվեն, հայ ենք ամոթ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG