Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դրական է գնահատում երեկ հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կատարած անդրադարձը համերաշխության, միաբանության, համազգային ողջ ներուժի համախմբման կարևորությանը հայրենիքի անվտանգ, բարօր ու առաջընթաց կյանքի հաստատման գործում, ինչպես նաև՝ քաղաքական դաշտում հայհոյախոսությանը և ատելության խոսքին վերջ տալու անհրաժեշտությանը։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այսօրվա հայտարարությունում։
Մայր Աթոռը ողջունել է նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես հանդես է եկել այս դիրքերից և ակնկալում է, որ նոր ձևավորվող իշխանությունը գործնական և հետևողական քայլեր կձեռնարկի Եկեղեցու հետ գործակցության իրենց իսկ առաջարկն իրականացնելու, ինչպես և հանրային համերաշխություն ձևավորելու ուղղությամբ։ Հոգևոր դասը՝ գիտակից իր հոգևոր առաքելությանը և դրա կարևորությանը հատկապես նման ճգնաժամային իրավիճակներում, պիտի շարունակի անել ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր ժողովուրդը կարող լինի հաղթահարելու իր կյանքի դժվարություններն ու մարտահրավերները, որպեսզի հայրենիքի անկախացյալ այս փոքրիկ նշխարն ուժ գտնի իր մեջ վերականգնելու իր անվտանգությունն ու ամրությունը՝ շարունակելու ուղին դեպի նոր հարյուրամյակներ», - ասված է հայտարարությունում։
Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ, կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին համագործակցության առաջարկ արեց՝ նշելով՝ «վաղվանից սկսելու է քաղաքական բանակցություններ այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության»: Ապա հոգևոր երկխոսության կոչ արեց հոգևոր առաջնորդներին: