Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում` երեկ, արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք. հայտարարում են լրագրողական թվով 10 կազմակերպություններ:
Նրանք նշում են, որ ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։
2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման 3 դեպք, 2017-ի ԱԺ ընտրություններին՝ 5 ֆիզիկական և 14 այլ ճնշումների դեպք, 2012-ին՝ համապատասխանաբար 3 և 4։
«Քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքին, պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հունիսի 20-ի վերոհիշյալ միջադեպերը և իրավական գնահատական տալ դրանց», - ասված է լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ: