Շվեդիայի խորհրդարանն այսօր անվստահություն է հայտնել երկրի վարչապետ Ստեֆան Լյովենին։
Սոցիալ-դեմոկրատ վարչապետին անվստահության հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգում էր հայտնվել աջ «Շվեդ դեմոկրատների» նախաձեռնությամբ՝ այն բանից հետո, երբ բնակարանային վարձի վերահսկման շուրջ կառավարության հետ ծագած սուր տարաձայնությունների պատճառով իշխող կոալիցիան լքել էին Շվեդիայի Ձախ կուսակցությունը ներկայացնող նախկին կոմունիստները։
«Կառավարությունը վերջնական որոշման համար մեկ շաբաթ ունի։ Այդ ընթացքում մենք կբանակցենք մեր մյուս կոալիցիոն դաշնակիցների հետ։ Դրանից հետո միայն որոշում կկայացվի՝ արդյոք ես հրաժարական կներկայացնեմ, թե՝ կհայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին», - այսօր Ստոկհոլմում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Ստեֆան Լյովենը։
Սա Շվեդիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ընդդիմության նախաձեռնությամբ խորհրդարանը կողմ է քվեարկում կառավարության պաշտոնանկությանը։