Մատչելիության հղումներ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 68 դեպք, 3-ով արդեն քրեական գործ է հարուցվել


Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 21-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նշված 68 դեպքերից 48-ը վերաբերում են Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 16-ը՝ ՔՕ 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՔՕ 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՔՕ 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՔՕ 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՔՕ 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է ընդհանուր 3 քրեական գործ, որոնցից վերջինով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնեց Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Կամո Սահակյանը, ամենաշատ դեպքերը՝ 11, արձանագրվել են Գեղարքունիքի մարզում, որին հաջորդում են Կոտայքը՝ 10, և Շիրակը՝ 9 դեպք, ամենաքիչը՝ 1-ական, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

XS
SM
MD
LG