Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանը եռամսյա ընդմիջումից հետո վերադառնում է Վաշինգտոն և վաղն առավոտից կանցնի պարտականությունների կատարմանը։
Անատոլի Անտոնովը հեռացել էր Նահանգներից, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը լրագրողի՝ «արդյո՞ք Ռուսաստանի նախագահը մարդասպան է» հարցին տվել էր դրական պատասխան։ Դրանից մի քանի օր անց նաև Ռուսաստանում Ամերիկայի դեսպանն էր հայրենիք վերադարձել՝ խորհրդակցությունների համար։
Երկու գերտերությունների միջև լարված հարաբերությունների ֆոնին՝ անցած շաբաթ, նախագահներ Բայդենն ու Պուտինը առաջին դեմ առ դեմ հանդիպումն անցկացրին Ժնևում։ Բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե Բայդեն հետ համաձայնել են վերադարձնել իրենց դեսպաններին Մոսկվա և Վաշինգտոն։