Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամներին:
Նա հավաստիացրել է, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև միջազգային չափանիշերին:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիևը կարևորել է առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Խորհրդարանի ղեկավարն ԱՊՀ իր գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փաստին և ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը: