Մատչելիության հղումներ

Հայաստանը հրաժարվում է «կոնյակ» ու «շամպայն» անվանումներից


Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Եվրամիության միջև մի համաձայնագրի հաստատմանը, որը երեք միլիոն եվրո աջակցություն է նախատեսում Եվրոպական հանձնաժողովի կողմից հայաստանյան ծագում ունեցող խմիչքի համար «կոնյակ» անվանումից հրաժարվելու ընթացքում։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի առաջարկած նախագիծը ընդգրկված էր կառավարության անցած հինգշաբթի օրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում, և գործադիրի անդամները, առանց հետաքրքրվելու, թե ինչու Հայաստանում արտադրված խմիչքը այլևս չպետք է կրի «կոնյակ» անվանումը կամ հետայսու ինչպես է կոչվելու հայկական կոնյակը, պարզապես հավանություն տվեցին նախագծին։ Այս հարցերի վերաբերյալ պարզաբանում չներկայացրեց նաև Քերոբյանը։

«Ազատությունը» անցած շաբաթ և այսօր էլ դիմել է Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն խոստացան արձագանքել ավելի ուշ։

Գործադիրի որոշման մեջ կարդում ենք. - «Նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետությունում ծագող ապրանքների համար Եվրամիության «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև աջակցել հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու և ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելու, գովազդելու և շուկայահանելու հարցում»։

Եվրամիության բյուջեից երեք միլիոն եվրոյի չափով ֆինանսավորվող ծրագրի վերահսկման համար կստեղծվի ղեկավար կոմիտե, որը կազմված է լինելու Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրամիության պատվիրակության և այլ շահառու մարմինների ներկայացուցիչներից։

Պարզվում է «կոնյակ» անվանումից հրաժարվելու Հայաստանի կառավարության որոշման պատճառը դեռևս նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք՝ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի ու Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է՝ CEPA-ն է, որն ամբողջապես ուժի մեջ մտավ այս տարվա մարտի 1-ից և որի 237-րդ հոդվածի համաձայն` առավելագույնը տասնչորս տարի անց հայկական կոնյակը այլևս չի կարող «կոնյակ» կոչվել հայաստանյան շուկայում, իսկ մոտ շուրջ քսանհինգ տարի անց՝ նաև արտերկրի շուկայում։ Խոսքը վերաբերում է ոչ լատինատառ՝ օրինակ հայերեն կամ կյուրեղագիր (կիրիլցա)՝ գրառումներին, որովհետև լատինատառ՝ cognac պիտակավորումից հայկական խմիչքը արդեն տարիներ է զրկված է արտերկրի ու հայաստանյան շուկայում։

Շամպայնի դեպքում, Հայաստանում արտադրվածը այլևս չի կարող կրել այդ անվանումը համապատասխանաբար երեք (արտերկրում) ու չորս (Հակաստամում) տարի անց։

Հայաստանում կոնյակ արտադրվում է 1887 թվականից, մինչդեռ, օրինակ, Ֆրանսիայում միայն 1909 թվականին ընդունվեց համապատասխան օրենքը, ըստ որի որոշակիացվեց աշխարհագրական այն շրջանը, և դա Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Կոնյակ քաղաքն է՝ հարակից շրջաններով, ուր արտադրված ալկոհոլային խմիչքը կարող է կոչվել «կոնյակ»։

«Կոնյակ» անվանումից հրաժարվելու քայլեր Հայաստանի կառավարությունը առաջին անգամ չի անում։ Տասնմեկ տարի առաջ՝ 2010թ. մայիսի 21-ին վարչապետ Տիգրան Սարգսյանին գլխավորությամբ գործադիրը որոշում ընդունեց «Արբուն» բառը «սահմանել որպես բրենդիի ապրանքային անվանում»։ Սակայն «արբունը» այդպես չմտավ գործածության մեջ։

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի գլխավոր կոնյակագործ Տիգրան Խաչատրյանի խոսքով, «կոնյակ» անվանումից հրաժարվելը սկզբնական փուլում, անշուշտ, բացասական հետևանք կթողնի հատկապես արտերկրում ու ավանադական շուկաներում հայկական կոնյակի վաճառքի վրա․ - «Երկու տարբերակ ունենք․ կամ անունը ընդհանրապես փոխում ենք, այսինքն՝ ոչ թե «բրենդի» ենք դնում, այլ մի նոր անուն ենք ստեղծում, կամ ուղղակի հիմնվում ենք «բրենդիի» վրա և շարունակում ենք «Հայկական բրենդի» անվանումը»։

Ընկերությունը շուկայում հայտնի է իր «Նոյ» ապրանքանիշով, և Խաչատրյանի փոխանցմամբ՝ տարիների քրտնաջան աշխատանք է հարկավոր եղել, որպեսզի սպառողը ընդունի իրենց ապրանքանիշը։ Այժմ հրաժարվելով «կոնյակ» անվանումից՝ տևական ժամանակ, ջանք, ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի սպառողը հասկանա, որ գործ ունի նույն հայկական կոնյակի հետ․ - «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ 2017 թվականին, երբ որ մենք ստորագրեցինք այդ պայմանագիրը, երբ որ ամբողջ աշխարհով ստորագրեին, այսինքն ամբողջ СНГ-ի պետությունները ստորագրեին, դա էդքան խնդիր չէր լինի։ Բայց մեր հիմնական շուկան, որը Ռուսաստանն է, իրենք չեն ստորագրել այդ պայմանագրի տակ։ Եվ հիմա մենք երբ ինչ-որ նոր անունով, կամ «Հայկական բրենդի» անունով ուղարկենք, խանութում լինելու է, ասենք, Մոսկվայի գործարանում լցված կոնյակ 5 տարեկան, և լինելու է մեր հայկական բրենդին»։

«Երևանի կոնյակի գործարանի» հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը «Ազատությանը» փոխանցեց. - «Հայկական կոնյակ կատեգորիայի վերանվանման տարբերակները դեռևս քննարկման փուլում են, ուստի այս պահին՝ որևէ առարկայական տարբերակի բացակայության դեպքում, քննարկել ապագա հնարավոր անվան հետևանքները դեռ վաղ է»։

Ընկերությունը, ինչպես հայտնի է, 1998թ.-ից պատկանում է ֆրանսիական Pernod Ricard ընկերությունների խմբին։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով, նման իրավիճակում անչափ կարևոր է, թե կառավարությունը որքան արդյունավետ կծախսի նախատեսված ժամանակը և Եվրամիության հատկացրած գումարը՝ հայկական կոնյակը արտերկրում նոր անունով ներկայացնելու և հայաստանյան ընկերությունների համար անցումը սահուն ապահովելու համար․ - «Այս ամեն ինչը, բնականաբար, իր տնտեսական ազդեցությունը կունենա, քանի որ մեր ապրանքը համաշխարհային շուկայում «կոնյակ» անվանումով է ավելի շատ հայտնի երկար տարիներ և այս ընթացքում ճանաչելի է դարձվել, բրենդավորվել է որպես կոնյակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG