Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը ընտրվելու դեպքում առաջարկում է համախմբում և համերաշխություն


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության առաջնորդը Գյումրիում է, թիմակիցները՝ մայրաքաղաքում։ Աջափնյակ համայնքում, շենքերի բակերում կարճ կանգառներ կատարելով, կուսակցության անդամները բնակիչներին ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագրերն ու կոչ անում անպայման գնալ ընտրության։

Ընտրվելու դեպքում, «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է համախմբում և համերաշխություն։ Այսօր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հայհոյում են իրար, օգտագործում անթույլատրելի բառապաշար, ասում է Գևորգ Գորգիսյանը, այս կերպ շարունակվելու դեպքում երկրի ապագան վտանգված է։

«Հայհոյանքը, մասնատումը, միմյանց ոչնչացնելու ցանկությունը չի կարող կառուցել Հայաստան, որտեղ լուծվելու են բոլոր խնդիրները, որ այսօր մենք ունենք: Այդ քաղաքական ուժերն ուզում են իշխանություն՝ միմյանցից վրեժ լուծելու համար, իսկ այդ վրեժ լուծելու պրոցեսում տուժելու ենք բոլորս, որովհետև հանրությանն են հանելու միմյանց դեմ, որովհետև հանրությանն են պառակտելու ու բախումների տանելու, իրենք մնալու են իրենց բարձր պարիսպների ու թիկնազորների հետևում», - ասաց Գորգիսյանը:

Խորհրդարանում 3-րդ ուժ հանդիսացող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է՝ բավարար քվե ստանալու դեպքում, իրենք կարող են համերաշխություն բերել՝ նպաստելով ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը։ Քաղաքացին պարտադրված չէ հների ու նորերի, սևերի ու սպիտակների միջև ընտրություն կատարել, այլընտրանք կա, ասում են, միայն պետք է քվեարկել։

«Հիմա պետությունը պետք է վերականգնել, ողնաշարը պետք է ուղղել, բայց դա չի կարող լինել այն դեպքում, երբ այս սայլն ամեն մեկն իր կողմ է քաշում: Մենք մարդկանց ասում ենք՝ մինչև ներքին խաղաղության հարցը չլուծենք, արտաքին խաղաղության հարցը չենք լուծելու», - ասաց ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը:

Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն է, հասցրել են շփվել շատ քաղաքացիների հետ, ասում է Անի Սամսոնյանը։ Քաղաքացիների տրամադրվածությունը դրական է, իրենց առաջարկած համերաշխության հաստատման առաջարկը՝ ընդունելի։ Քարոզարշավի ընթացքում իրենց հասած տեղեկությունները թույլ են տալիս մտածել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական մյուս ուժերի համար իրենք լուրջ մրցակից են։

«Մեզ հասնում են տեղեկություններ, որ մեր վերաբերյալ ոչ հրապարակային այլ քաղաքական ուժեր սկսում են իրականացնել հակաքարոզչություն: Այսինքն՝ մարդկանց հետ անհատական զրույցներում, ոչ թե մեդիառեսուրսներով, և տարածում են ստեր, տարածում են մասնավորապես երեք սուտ, առաջին սուտն այն է, որ մենք ընտրական շեմը չենք հաղթահարելու, երկրորդ սուտն այն է՝ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին փորձում են համոզել, որ մենք նպաստելու ենք Փաշինյանի վերարտադրմանը, Ռոբերտ Քոչարյանի չսիրողներին ասում են, որ նրանք Քոչարյանի վերադառնալուն են աջակցում», - ասաց Սամսոնյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի թիվ մեկ խնդիրը քաղաքացիական բախումների կանխումն է, իսկ դրանք բացառված չեն, ասում են կուսակցության անդամները։ Քաղաքական երկու ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Հայաստան» դաշինքը արդեն իսկ ընտրություններից հետո ցույցեր ու հավաքներ են պլանավորում։

«Սա նշանակում է, որ այս մարդիկ նախապատրաստվում են, որ այն մյուսը շատ ձայն հավաքի, մյուսն իր մարդկանց հանի, Քոչարյանը շատ ձայն հավաքի, Փաշինյանն իր մարդկանց հանի, սա տանելու է բախումների, և ինչո՞ւ ենք մենք կասկածում, այդ ուժերը կասեն՝ մենք հաղթանակի համար ենք ռեզերվ արել, որ գնանք մեր համակիրներին հավաքենք, տոնենք մեր հաղթանակը, բայց այնտեղ մի քանի օր է ռեզերվ արած, սա հարսանիք չէ, որ 7 օր, 7 գիշեր մարդիկ քեֆ անեն», - ընդգծեց ԼՀԿ անդամը:

Քարոզարշավի ընթացքին քաղաքացիները պատուհաններից էին հետևում, ովքեր էլ դրսում էին, իրենց անհանգստությունը ներկայացրեցին։

XS
SM
MD
LG