Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան «Փառք Ուկրաինային» և «Փառք հերոսներին» կարգախոսները պաշտոնապես հաստատեց ֆուտբոլի ազգային հավաքականի խորհրդանիշներ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն։
Նախօրեին ՈւԵՖԱ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա երկրի ամբողջական քարտեզի, ներառյալ Ղրիմի ուրվագիծը կարող է մնալ, բայց կարգախոսները պետք է հեռացվեն, քանի որ քաղաքական ենթատեքստ ունեն։
Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկների դիզայնի դեմ բողոքել էր Ռուսաստանը։
Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը երեկ լուսանկար էր հրապարակել, որտեղ դեսպանության աշխատակիցները, այդ թվում` դեսպանը նկարվել էին Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի մարզազգեստով։