Տեսանյութը, որում արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը խոսում է իր հրաժարականի պատճառների մասին, դատախազությունն ուղարկել է ԱԱԾ` ստուգելու՝ արդյոք դրանում արված հայտարարությունն իր մեջ պարունակում է հանցագործության տարրեր: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Արա Այվազյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 27-ին, 4 օր անց Արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ խոսել իր պատճառների մասին, մասնավորապես ասել, թե իր որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանն էլ գրել էր, թե Այվազյանից հրապարակային պարզաբանում են ակնկալում իր հայտարարության վերաբերյալ: