Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին


Որդուն գերիների դիմաց Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկն աբսուրդ է համարում առաջիկա արտահերթին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ նախ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք չուներ որևէ մեկի ընտանիքի անդամների հարցերը շահարկել, Փաշինյանն էլ իրավունք չուներ շարունակել այդ անիմաստ բանավեճը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհը մեզ ոնց է նայում, այսինքն՝ Հայաստանն էդ ինչ հուսահատ վիճակի մեջ է։ Նախ ես բացառում եմ, որ որևէ մեկին, անգամ վարչապետի տղային հնարավոր է փոխանակել որևէ ռազմագերու հետ, սա մեկ, երկրորդը՝ դա աբսուրդ է 21-րդ դարում նման բաներ խոսել։ Ռազմագերիների հարցով պետք է մեր արտաքին քաղաքական ճակատն ամրացնել, բանակցելով մեր ռազմագերիներին վերադարձնել։ Գիտեք ի՞նչն է ինձ հիասթափեցնում, որ նաև փորձում են անգամ էս վիճակում, էս հարցի վրա դիվիդենտներ շահել՝ երկու կողմերն էլ», - ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը երեկ իր ծննդավայր Վանաձորում կուսակցության համակիրների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, թե նախընտրական քարոզարշավն անցնում է ամենացածր բանավեճի մակարդակում։ Նա ներկա ու նախկին իշխանություններին մեղադրեց միմյանց նկատմամբ վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու, թշնամանք ու ատելություն տարածելու մեջ։ Այս կերպ ավելի խորը ճգնաժամի մեջ կարող ենք հայտնվել, համոզված է Մարուքյանը։

«Հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում սպասում են հունիսի 21-ին։ Մի մասը սպասում է, որ գործող իշխանությունը վերընտրվի, արտագաղթի, ասում են՝ «իշխանության վերընտրման պարագայում մենք չենք ապրելու էստեղ», մյուս մասն էլ սպասում է, որ եթե հանկարծ նախկինները վերադառնան, էլի արտագաղթի, որովհետև էլի, նույն ձևի, չի տեսնում իրան էս երկրում։ Մենք առաջարկում ենք մնալ երկրում», - ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարն ընտրողներին առաջարկում է բոլոր անհաշտ կողմերին համախմբելու լիազորություն տալ իրենց քաղաքական ուժին։

«Մեր սրտում ատելություն չկա որևէ մեկի նկատմամբ», - ասում է Մարուքյանն ու ավելացնում, թե իրենք ի վիճակի են համախմբել բոլորին․ - «Եթե ժողովուրդը մեզ տալիս է այդ մանդատը, լիազորում է մեզ, որ մենք դա անենք, մենք դա անում ենք, եթե չէ, հունիսի 21-ին սպասեք երկրում ավելի խորը ճգնաժամեր, սպասեք ավելի խորը ցնցումներ, որովհետև էս մարդիկ չեն հանգստանալու, էս մարդիկ մեծ ռեսուրսների են տիրապետում․ իշխանությունն իր հերթին, նախկին իշխանություններն իրենց հերթին, և նրանք ոչ մի բան չեն խնայում մեկը մյուսի դեմ կիրառելիս։ Թշնամին եկել մտել ա Հայաստանի տարածք, մենք փոխանակ թշնամու դեմ կռիվ տանք, մեր իրար դեմ ենք կռվում։ Բայց ես մի բան գիտեմ, որ թշնամին՝ Ալիևը, մեր թշնամիներն ուզում են, որ Հայաստանում ներքաղաքական կայունություն չլինի, ուզում են, որ Հայաստանում իրար կոկորդ կրծեն, որպեսզի մեր թուլությունից իրենք օգտվեն»։

Երեկ Էդմոն Մարուքյանը հրապարակային բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին։ Ավելի վաղ Փաշինյանը նման առաջարկ էր արել Հայաստանի նախկին նախագահներին ու մերժում ստացել։

«Ինչո՞ւ է նրա համար՝ գործող իշխանության համար, հարմար օպոնենտ նախկին իշխանությունը, որովհետև շատ հեշտ է նախկին իշխանությանն ասել՝ «դու թալանչի ես» և էդ բանավեճը կավարտվի։ Ես պատկերացնում եմ, թե դա ինչ ձևի բանավեճ կարող է լինել, և ոչ ոք չի ցանկանում բանավիճել, պարզ է, որովհետև նա ուզում է խոսել անցյալից։ Ես, մենք խոսում ենք ներկայից, մենք ուզում ենք խոսել ապագայից, ներկայից, ապագայից խոսելու համար, ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, արի՛ բանավիճենք», - ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ նախատեսում էր ընտրողների հետ բացօթյա հանդիպում ունենալ, բայց հորդառատ անձրևի պատճառով այն տեղի չունեցավ։

XS
SM
MD
LG