ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դիմել է իրավապահներին՝ գերհարուստ որոշ ամերիկացիների հարկային մեքենայությունների մասին մամուլում հրապարակված տեղեկությունները քննելու հայտով:
ProPublica ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, որոշ գերհարուստ մարդիկ երկար տարիներ կամ քիչ հարկեր են վճարել կամ հաջողացրել են ընդհանրապես խուսափել հարկերից:
«Իհարկե, մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հոդվածին, ես չեմ կարող մեկնաբանել կառավարության գաղտնի փաստաթղթերի ապօրինի հրապարակումների թեման, սակայն ավելի ընդհանուր պետք է ասեմ, որ այո՛, անհրաժեշտ է անել ավելին, որ գերշահույթ ստացող կորպորացիաները և անհատներն արդար չափով վճարեն հարկերը», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին:
ProPublica պարբերականի հոդվածում նշվում է, որ գերհարուստներից «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, «Տեսլա» ընկերության հիմնադիր Իլոն Մասքը և մի շարք այլ գործարարներ որոշակի տարիների ընթացքում եկամտահարկ չեն մուծել:
Նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ-ի ենթակառուցվածքները զարգացնելու և սոցիալական ծրագրերն իրականացնելու համար առաջարկել է գերհարուստների հարկերի առավելագույն դրույքաչափը ներկայիս 37 տոկոսից հասցնել 39.6 տոկոսի և գրեթե կրկնապատկել տարեկան մեկ միլիոն և ավելի գումար վաստակողների կապիտալի շահույթի հարկն ու այն հասցնել 36.9 տոկոսի: