Մատչելիության հղումներ

Փաշինյանի հետ հանդիպմանը քաղաքացիները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, արձանագրում են լրագրողական կազմակերպությունները


Հունիսի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, թիրախավորված ճնշում է գործադրվել Yerkir.am լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի նկատմամբ, հայտարարում են լրագրողական կազմակերպությունները։

«Էջմիածնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցող քաղաքացիների մի խումբ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ վիրավորելով և սպառնալով նրան, քաշքշելով բարձրախոսը։

Այս դեպքը ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ վերջին ամիսներին արձանագրված բազմաթիվ բռնությունների և ճնշումների շարունակությունն է։ Հետհեղափոխական և հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ առավել ակտիվացավ լրատվամիջոցների բևեռացման գործընթացը, ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ հասարակության տարբեր շերտեր, ելնելով իրենց գաղափարներից և նախասիրություններից, լրատվամիջոցներին և դրանց աշխատակիցներին ընկալում են կամ որպես յուրային, կամ՝ օտար։ Իրենց հերթին ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը, սպասարկելով որևէ ուժի կամ գործչի շահերը, դարձել է քաղաքական գործընթացների անքակտելի մաս, իսկ լրագրողներն իրենց գործունեությամբ, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում, հաճախ իրականացնում են քաղաքական գործչին բնորոշ գործունեություն՝ անտեսելով մասնագիտական սկզբունքներն ու էթիկական նորմերը», - հայտարարում են թվով 11 լրագրողական կազմակերպությունները։

Վերջիններս կոչ են անում ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին՝ հանդես գալ աջակիցներին ուղղված հրապարակային պահանջով՝ զերծ մնալ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելուց և լրագրողների նկատմամբ, ճնշումներ գործադրելուց, անկախ նրանից, թե ինչ լրատվամիջոց են ներկայացնում, ԶԼՄ-ների ղեկավարներին հորդորում են՝ նախընտրական միջոցառումների լուսաբանումը կազմակերպելիս հաշվի առնել հնարավոր բարդություններն ու դրանց հետևանքները և հրահանգավորել աշխատակիցներին՝ գործելու բացառապես մասնագիտական սկզբունքներին համապատասխան, իսկ իրավապահներին՝ առավել զգոնություն ցուցաբերել և կանխարգելել ցանկացած բռնություն կամ այլ տեսակի ճնշում նախընտրական միջոցառումները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, ապահովել վերջիններիս անվտանգությունը և անկաշկանդ գործունեությունը՝ բացառելով ընտրովի կամ խտրական վերաբերմունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG