Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների «գյուլլեքից հողը քանդվում էր». կութեցի հովվի հոտը դեռ առևանգված է


Կութ գյուղ, Գեղարքունիքի մարզ
Կութ գյուղ, Գեղարքունիքի մարզ

Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը դարձյալ փորձել է շինարարական աշխատանքներ կատարել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ հայկական ստորաբաժանումները աշխատանքներն անհապաղ դադարեցնելու ու տեխնիկան հեռացնելու պահանջ են ներկայացրել ադրբեջանական կողմին, հակազդման գործողություններ են իրականացրել, որից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացել է սահմանի ադրբեջանական հատված։

Պաշտպանական գերատեսչությունը նաև տեսանյութ է տարածել, որում երևում է ակտիվ աշխատող, ապա հեռացող շինտեխնիկան։ Կադրերից դատելով ամենայն հավանականությամբ հայկական կողմը նաև զենք է կիրառել։

Վերջին օրերին Գեղարքունիքի սահմանային գյուղերից ահազանգեր են ստացվում, որ ադրբեջանական կողմը ոչ միայն ներխուժել է հայկական տարածքներ, այլև ճանապարհ ու խրամատ է կառուցում։ Վերին Շորժայի համայնքապետն ասում է՝ այժմ աշխատանքները դադարեցրել են. «Երեկ էլ էն էստեղ աշխատել, էսօր էլ: Հիմա այս պահին ոչ մի բան չկա, չի նկատվում, թե մի ժամ հետո կաշխատեն, թե չեն աշխատի, բայց էս պահին չկա նման բան»:

Գեղարքրունիքի Կութում էլ այսօր շարունակվում են բանակցությունները շաբաթ օրը ադրբեջանցիների կողմից առևանգված 81 կովերին վերադարձնելու ուղղությամբ: Կութեցի հովիվը սովորականի պես հոտը գյուղի արոտավայր էր տարել, մոտեցրել գետակին ջուր խմելու, ադրբեջանցիները բարձունքից կրակ էին բացել:

Կութեցի Գայանե Վերդյանի 29 կովերն այդ օրը արոտ են գնացել, վերադարձել` ընդամենը 10 -ը. «Դե առավոտ տվել ենք մեր հովվին, տարել է, միշտ ոնց որ ինքը տանելուց, պահելուց է եղել: Այդ օրն էլ տարել է, ասում է` մոտիկացել են, որ ջուր խմեն, այդտեղ ջուր են խմել, մեկը-երկուսը անցել են էս յան, էն յան, վերևից սրանք սկսել են կրակել: Ինքը ձիով մոտիկացել է, որ, ասենք, դեմը հետ տա, որ իրենք հետ դառնան, նորից գան մեր սահման` մեր յանը, էտտեղ իր ձիուն էլ են կրակել, ինքը ձիուց ընկել է, արդեն պախկվել քարերի արանքում»:

Հովիվը՝ 31-ամյա Հայկ Գալստյանը պատմում է՝ ադրբեջանցիներրը կես ժամ շարունակ կրակել են նաև իր ուղղությամբ, այնինչ, ինքն էլ, հոտն էլ հայկական տարածքում էին՝ ադրբեջանական դիրքից մոտ 20 մետրի վրա. «Իմ ուղղությամբ է եղել, ու ես որ գնամ, տավարը բերեմ, դեմ-դիմացը հաղը քանդվում էր, գյուլլեքից հողը քանդվում էր: Ձին ֆռցրի, ասի` քշեմ, գամ գյուղ, զանգեմ, տեղյակ պահեմ` սենց բան ա կատարվում, էտ պահին խփեցին ձիու ձախ ոտքին: Հելա, մտա քարերի տակ, ու սկսեցին կրակել»:


Հայկը պատմեց՝ հայկական ստորաբաժանումներն էլ են կրակ բացել, ինքը մի կերպ մնացած անասուններին հավաքել, գյուղ է հասել, իսկ կովերի մի մասը ադրբեջանցիներն են հավաքել, տարել: Կութի հովիվն այսօր էլ հովվություն էր անում. «Վախենում ենք, բայց որ չանենք, ի՞նչ անենք, ո՞նց ընտանիք պահենք»:

80 կովերը կութում ապրող 5 ընտանիքներինն էին. այժմ նրանք համայնքապետարանում սպասում են` բանակցություններն ինչ արդյունք կտան. «Դե հույսը միշտ վերջում է մեռնում, տենանք»:


Օր օրի գլխաքանակն ավելացրել ենք, որ եկամուտ ստեղծենք, ասում է անասունների մեծ մասին կորցրած Գայանե Վերդյանը. «29 գլուխ կովը քիչ ա՞, էսօրվա օրը լրիվ տարել են, մի լիտր կաթ չեմ կարում կթեմ, հորթերը սաղ օրը գոռում են»:

Անասնագողության դեպքերը պարբերաբար են ոչ միայն Գեղարքրունիքի մարզում, նաև Սյունիքի Խնածախում են երեկ փորձել ձի տանել, համայնքապետը վիդեոապացույցների միջոցով հարցն արագ կարգավորել է:

«Ռուսաստանի Դաշնությունից ժամանած սահմանապահ զորքերի հրամանատարի հետ կապվել եմ, տեղեկացրել եմ իրեն, նկարել եմ, նկարներն ուղարկել եմ, մինչև մի 2-3 ժամվա մեջ այդ հարցը լուծվել է, անասունը հետ են տվել», - պատմում է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

Տեղ խոշորացված համայնքի կազմում 7 գյուղեր են՝ բոլորը սահմանամերձ, Արավուսից, Կոռնիձորից ադրբեջանցիներն ավելի վաղ կովեր, ձիեր են տարել: Ներսես Շադունցն ասում է՝ անասուններին չենք կարող բացատրել, որ ուղիղ 5 մետր այն կողմ ադրբեջանական հենակետի փարթամ խոտը իրենց համար չէ, մեխանիկական արգելքներ են պետք. «Դե անասուններին չես կարող բացատրել բայց լուծման եղանակներն առաջարկել եմ: Կարող է պահի տակ հովիվն անուշադիր լինի, անցնի, դրա համար կա՛մ փշալարի գաղափարն է, կա՛մ էլեկտրական հովվի գաղափարն է, կա՛մ խրամուղու գաղափարն է»:


27 օր առաջ Հայաստանի տարածք մտած, մեկ հայ զինծառայողի սպանած ու 6 հոգու գերեվարած ադրբեջանական զինուժը շարունակում է միջադեպեր հրահրել սահմանային գյուղերում ամենօրյա ռեժիմով: Զուգահեռ մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, մասնակիցները անվտանգ ու ուժեղ Հայաստան են խոստանում, բայց հետո։

XS
SM
MD
LG