ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ելույթ է ունեցել Հյուսիսային Կարոլինայում տեղի ունեցած հանրապետականների հավաքում:
Անցյալ տարվա նոյեմբերին նախագահական ընտրություններում դեմոկրատական Ջո Բայդենին պարտված Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո հազվադեպ է հանդես գալիս հանրային ելույթներով:
Երեկ Թրամփը քննադատել է կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մասնագետներից մեկի՝ վարակաբան Էնթոնի Ֆաուչիի վարած մարտավարությունը, պնդել է, թե Չինաստանը պարտավոր է ԱՄՆ-ին վճարել 10-ը տրիլիոն դոլարի հատուցում կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների համար, քննադատել է Ջո Բայդենի քաղաքականությունը և հեգնանքով է խոսել Facebook-ի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգի մասին:
«Եկել է ժամանակը, որ Ամերիկան և աշխարհը հատուցում պահանջեն Չինաստանից և պատասխանատվության ենթարկեն Չինաստանի կոմունիստական կուսակցությունը», - հայտարարել է Թրամփը:
Նա քննադատել է Ցուկերբերգին, քանի որ Facebook-ը մինչև 2022 թվականի հունվար սառեցրել է Թրամփի օգտահաշիվը:
«Facebook-ն ասում է, թե երկու տարի անց իմ օգտահաշիվը կվերադարձնի, ինձ դա չի հետաքրքրում», - հայտարարել է Թրամփը:
Քաղաքական վերլուծաբանները Հյուսիսային Կարոլինայում նրա արտասանած ելույթը համարում են ևս մեկ ակնարկ առ այն, որ Թրամփը գուցե կփորձի առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում: