Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» լիդերներին առաջարկել է «սահմանել հետպատերազմյան ժամանակաշրջանի մեծագույն մարտահրավերը և մինչև 2022 թվականի ավարտը մոլորակի բոլոր բնակիչներին պատվաստել COVID-19 հիվանդությունն առաջացնող կորոնավիրուսի դեմ»:
Այդ մասին ասվում է Ջոնսոնի հունիսի 5-ի հայտարարությունում, որում նշվում է, որ «ամբողջ աշխարհը պատվաստելը կլինի անգնահատելի ամենամեծ սխրանքը բժշկական պատմության մեջ»:
Ջոնսոնը «Մեծ Յոթնյակի» ղեկավարներին հորդորում է այդ առաջարկը քննարկել հաջորդ շաբաթ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովում:
Աշխարհի տնտեսապես առավել զարգացած յոթ պետությունների ղեկավարները հունիսի 11-ին երեք օրով հավաքվելու են Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի շրջանում:
Գագաթնաժողովի օրակարգում աշխարհի տնտեսության վերականգնումն է կորոնավիրուսի համավարակից առաջացած ճգնաժամից հետո:
Մեծ թվով հարուստ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, խոստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափեր նվիրել աղքատ երկրներին: