Մատչելիության հղումներ

«Ինչ-որ իմաստով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել». Արմեն Սարգսյան


Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ ներկայացնելով իրավիճակը Հայաստանում՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրի համար դժվար օրեր են, և պատճառները բազմազան են:

«Նախ և առաջ, պատերազմը. ինչ-որ իմաստով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել: Չկա պայմանագիր, խաղաղություն»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ շարունակելով, - «Անհայտ է՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, ե՞րբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպե՞ս են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Վստահ եմ, բոլորդ գիտեք, թե ինչ զգայուն հարց է դա, և ոչ միայն մեր այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների, ողջ հայ ժողովրդի համար: Ամեն օր նոր հարցեր են առաջանում, և այդ հարցերը շատ զգայուն են յուրաքանչյուրի համար»:

Նախագահն ընդգծել է, որ շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը. «Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում և նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է»:

Սարգսյանը նշել է, որ կան նաև տնտեսական մեծ դժվարություններ. «Տնտեսության վերականգնման մասին է պետք մտածել, պետք է ծրագրել, աշխատել, աշխատել ամեն օր: Մեծ խնդիր է նաև մարդկանց առողջությունը: Կովիդն անսպասելի թշնամի է, դրա հետևանքով զոհվել են մոտավորապես նույնքան մարդիկ, որքան պատերազմի ժամանակ: Այն անկանխատեսելի հիվանդություն է, և դեռ երկար պետք է ապրենք դրա հետ»:

Նշելով, որ, որպես իրավիճակից լուծում, Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ միայն մի ճանապարհ ունենք՝ պետք է բոլորս միասին աշխատենք. «Բաժանված Հայաստանը չի կարողանալու հաղթահարել այսօրվա իրավիճակը»

Նախագահի կարծիքով՝ պետք է փոփոխել գործող Սահմանադրությունը, քանի որ այն թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ՝ նշելով՝ իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից, բացակայում է հավասարակշռման և զսպումների համակարգը:

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ Սահմանադրության փոփոխություններով պետք է մեծացնել սփյուռքի դերը։

«Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի, որպեսզի նորից վերականգնվի ազգային միասնությունը։ Հայերը չեն կարող լինել իրար թշնամի, և մենք չենք կարող բաժանված լինել՝ ձախի, աջի, սևի, սպիտակի: Մեր բարեկամների հետ երբ խոսում ենք, բոլորն ասում են՝ դուք աշխարհի ամենահին ազգերից մեկն եք, ամենահին նշանակում է նաև ամենաշատ փորձառություն ունեցող։ Ժամանակն է, որ մեր փորձառությունից սովորենք։ Մենք իրավունք չունենք ավելի փոքրանալու։

Ցանկացած հայ Հայաստանը, Արցախը սիրում է իր ընտանիքի, իր երեխաների, իր ծնողների նման։ Դուք շատ կարևոր բան ասացիք, որ շատ կուզենաք, որ Հայաստանն էլ ձեզ սիրի։ Սա շատ խորը իմաստ ունի՝ այսինքն, մենք դառնանք մեկ ընտանիք, երբեք իրարից բաժանված չլինենք, երբեք պատ չլինի մեր միջև։ Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկ ընտանիք», - ասել է Արմեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG