Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի ներկայացրած գանգատն ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 3-ին Հայաստանի կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ: Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի տարածած հաղորդագրության, դրանք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ Հայաստանի կողմից տրամադրելու պահանջին:

Եվրոպական դատարանը ներկայացված այս միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ, այլ դիտարկել է որպես հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան:

«Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել», - նշված է հայտարարությունում:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է նաև, որ Հայաստանի կառավարությունը մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

Մասնավորապես՝ Կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG