Մատչելիության հղումներ

Երևանում այսօր տեղի կունենա Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի պրեմիերան


Այսօր երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային Օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի հանրահայտ «Պայացներ» օպերայի պրեմիերան:

Այս օպերան Երևանում վերջին անգամ ներկայացվել է 1997 թվականին, Տիգրան Լևոնյանի ղեկավարության օրոք: Այն ժամանակ դիրիժորական վահանակի մոտ էր երիտասարդ դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը։ Եվ ահա շուրջ 25 տարի անց «Պայացներ» օպերան կրկին կհնչի Մկրտիչ Բաբաջաբյանի ղեկավարությամբ:

«Դիրիժորական պուլտի մոտ ես եմ։ Եվ ամբողջ նախապատրաստական երաժշտական կազմակերպչական հարցերը ես ու Ռուբեն Քոչարյանը, ով ռեժիսորն է, կարողացանք այս դժվար պայմաններում, երբ որ կորոնավիրուս էր, նախապատերազմյան ժամանակներ և այլն, թատրոնի հնարավորություններով ամբողջը կանգնացնել ոտքի վրա։ Բայց ստացել ենք հիանալի, մի հետաքրքիր կատարում։ Մասնակիցներն էլ շատ լավ երգիչներ են, մեր երգիչներն են մասնակցում։ Կանիոյի դերակատարը լինելու է մեր հպարտությունը՝ Հովհաննես Այվազյանը, հիանալի է ինքը կատարում։ Նեդդան՝ Նունե Բադալյան․․․ Շատ լավ երգիչ-երգչուհիներ են, շատ լավ ձայներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբաջանյանը։

Նա տարիներ բնակվում էր Գերմանիայում և հանդես գալիս եվրոպական լավագույն բեմերում որպես բեմերգիչ, բայց վերջին տարիներին Հայաստանում է, կրկին օպերային թատրոնում, այս անգամ արդեն որպես գեղարվեստական ղեկավարի տեղակալ և դիրիժոր:

Նրան բարդ ժամանակահատված է բաժին ընկել ղեկավարելու օպերային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը համավարակի պատճառով դեռ չի կարողանում վերադառնալ Միացյալ Նահանգներից։

«Գալիս է մի ժամանակ, որ հասկանում ես, օգուտ կարող ես տալ քո երկրին։ Սրանք ուղղակի բառեր չեն, անկեղծ եմ ասում։ Եվ ես էլ հասկացա, որ կարող եմ օգտակար լինել, և էդ ամբողջ փորձը, որ ես ունեմ, ասենք՝ ինքս եմ որպես պրոֆեսիոնալ երգիչ միջազգային շատ մեծ բեմերում երգել․․․ Իմ առաջին մասնագիտությունը՝ դիրիժոր, երկար-երկար տարիներ մի կողմ էի դրել, երկուսը միաժամանակ չես կարող անել։ Վերջին երկու տարին արդեն սկսել եմ։ Սա Երևանի օպերային թատրոնում արդեն երրորդ պրեմիերան է, որ ղեկավարում եմ», - ասաց նա։

Հարցին, թե ինչ բարդություններ է ունեցել այս բարդ ժամանակահատվածում, Բաբաջանյանը պատասխանեց․ - «Ես մեծ կապեր ունեմ արտասահմանում, քանի որ ես Եվրոպայի քաղաքացի եմ և այլն։ Շատերը իմ կոլեգաներից՝ դիրիժորներ կամ թատրոնի տնօրեններ, բարի նախանձով են նայում Հայաստանին, որովհետև մինչև վերջերս գրեթե ամբողջ աշխարհում թատրոնները փակ էին։ Երբ որ ես ասում էի՝ մենք ստեղ համերգներ ենք տալիս, ներկայացումներ և այլն, չէին կարողանում հասկանալ։ Եվ իսկապես բարդ էր, սարսափելի բարդ էր։ Շատ աշխատողներ հիվանդանում էին, չէին կարողանում գալ․․․ բացի տեխնիկականից, առողջական հարցեր կային։ Եվ մենք պետք է էդ ամբողջը պլանավորեինք։ Եվ այսօր ես շատ ուրախ եմ և շատ շնորհակալ եմ թատրոնի կոլեկտիվին, որ կարողացանք այս բարդ պայմաններում ֆինանսական հարցերում․․․ Նոր բեմադրության համար մեծ գումարներ են պետք, իսկ մենք կարողացանք մեր հնարավորություններով դա անել։ Դա կախված չէ իմ անձից։ Կոլեկտիվ է։ Շատ-շատ մարդիկ ոգևորությամբ հիմա աշխատում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG