Մատչելիության հղումներ

Լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանը


1921 թվականին Աստաֆյան (ներկայիս Աբովյան) փողոցում գտնվող Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում հիմնադրվեց ապագա Կերպարվեստի թանգարանը, որը 1947-ին վերանվանվեց Հայաստանի պետական պատկերասրահ, իսկ 1991 թվականից կոչվում է Ազգային պատկերասրահ: Այն Հայաստանի ամենախոշոր թանգարանն է, այսօր ներառում է հայկական, ռուսական և եվրոպական արվեստի գործերի ավելի քան 40 հազար ցուցանմուշ և հայկական կերպարվեստի հավաքածուով ամենամեծ թանգարանն է աշխարհում: Ազգային պատկերասրահի ներկայիս շենքը նախագծել է անվանի ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:

Այս տարի լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի մի շարք միջոցառումներով և ծրագրերի իրականացմամբ: Կհրատարակվի Ազգային պատկերասրահի տարեգիրքը, որի առաջին հատորը նվիրված կլինի պատկերասրահի առանձին բաժինների պատմությանը: Արդեն իսկ մեկնարկել են Ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված ծավալուն պատկերագրքի հրատարակչական աշխատանքները:

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն, անդրադառնալով Ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանին, նշեց. «Այս շրջանակներում մենք որոշել ենք մաքսիմալ բացվել այցելուների համար, մեր ֆոնդապահոցները բացել, մեր բաժինները բացել: Շատ հաճախ դրանք համարվում են 1000 կողպեքի փակի տակ հատվածներ թանգարանի, և շատերը չգիտեն, թե թանգարանցին իրականում ինչով է զբաղվում, ինչ արժեքներ, հրաշքներ ունենք մեր ֆոնդապահոցներում, ինչպիսի նվիրյալներ ունենք թանգարանում և մեր 100-ամյակի շրջանակներում ուզում ենք հենց այդ ասպեկտից, հենց այդ առումով բացվել մեր այցելուներին»:

Ազգային պատկերասրահում հոբելյանական միջոցառումների շրջանակներում արդեն իսկ մի ուշագրավ նախագիծ է մեկնարկել՝ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» խորագրի ներքո: 20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշորագույն վարպետների՝ Բաշինջաղյանի, Կոջոյանի, Սարյանի վերականգնված կտավների ցուցադրությանը զուգահեռ ներկայացված են վերականգնման բարդ ընթացքը ներկայացնող լուսանկարներ, փաստաթղթեր: Մարինա Հակոբյանը հավելեց. «Այսուհետ պարբերաբար մեր լավագույն վերականգնված աշխատանքները ներկայացնելու ենք այցելուներին, ներկայացնելու ենք բացատրագրերով՝ ինչպես է վերականգնվել, փաստավավերագրական բավականին հարուստ նյութով և այսպես ասած ամենամեծ, բացառիկ անակնկալը լինելու է այն, որ մենք նաև մեր արվեստանոցի անկյուններն ենք վերարտադրելու, վերարտադրման արվեստանոցի անկյունները: Այցելուները բացառիկ հնարավորություն են ունենալու տեսնել, թե ինչպես են մեր աշխատակիցները, մեր վերականգնողները վերականգնում աշխատանքը, ներկա լինել պրոցեսին, նաև հնարավորություն են ունենալու հարցեր տալ վերականգնողներին»:

Ազգային պատկերասրահի մեկդարյա պատմության մեջ պատկերասրահի առաջին կին տնօրենի՝ Մարինա Հակոբյանի խոսքով՝ հոբելյանական այս տարում իրենց ձեռնարկած բոլոր միջոցառումները հետևյալ նպատակաուղղվածությունն ունեն. «Մաքսիմալ հանրայնացնել մեր հուշարձանների պատմությունը, մեր ժառանգությունը և մեր հարստությունը, մաքսիմալ ներկայացնել թանգարանի ողջ հարստությունը: 40 հազարից ավելի ցուցանմուշ ունի Ազգային պատկերասրահը, և մեր միտումն է մաքսիմալ մեր ֆոնդապահոցը բոլորի դատին հանձնել, ներկայացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG