Վրաստանը երեկվանից Հայաստանի հետ ցամաքային սահմանը քաղաքացիների համար բացեց նախ Բագարատաշենի, օրվա երկրորդ կեսին՝ նաև Բավրայի անցակետում։ Օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև ավելի վաղ էր վերականգնվել։
Սահմանային երկու անցակետերը կգործեն ոչ թե շուրջօրյա, այլ ժամանակցույցով՝ առավոտյան 10֊ից մինչև երեկոյան 20֊ը: Երեկ օրվա առաջին կեսին Բավրայի մաքսակետով հիմնականում մուտք ու ելք էին անում Վրաստանի քաղաքացիները:
Խաչատուր Շահինյանը Ախալքալակից Էջմիածին աշխատանքի էր մեկնում, ասաց՝ հետո էլ Ռուսաստան կգնա․ - «Միշտ դուրս եմ գալիս աշխատանքի, ճանապարհները, որ փակ էին, դրա համար էլ մնացել էինք, ճար չկար դուրս գնալու»։
Հյուսիասային մաքսատան պետ Նարեկ Գևորգյանը բացատրեց, թե կորանավիրուսի պայմաններում Վրաստան մուտք գործող քաղաքացիներն ինչպես են հատելու հայ-վրացական սահմանը: «Վրացական կողմ գնալու դեպում պետք է անպայման վակցինացված լինես, բայց անկախ վակցինացված լինելու հանգամանքից նաև պետք է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստը հանձնվի ու 72-ժամյա ժամկետի մեջ պահպանված լինի։ Նորից եմ ուզում նշեմ, որ անկախ ամեն ինչից՝ դուք վակցինացված եք, թե՝ ոչ, դա ոնց որ ասած ուժի մեջ չի, քանի որ անպայման պետք է նորից թեստավորում անցնել», - ասաց Գևորգյանը։
Հայկական կողմից սահմանը հատողը տեղում գործող բուժկետում կորնավիրուսի թեստ է հանձնում: Դրական արդյունքի դեպքում ինքնամեկուսացման ցուցում է տրվում: Մաքսատան տարածքում տեղադրված է նաև հատուկ ջերամաչափող սարք:
Նարեկ Գևորգյանը սահմանը հատող քաղաքացիներին զգուշացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է նաև վերջիններիս վրա և մաքսակետում քաշքշուքի մեջ չընկնելու համար խորհուրդ տվեց թուրքական ապրանք իրենց հետ չբերել Հայաստան։
«Քանի որ ունենք սահմանափակում թուրքական ծագման բեռների մասով, ուզում եմ խնդրել, որ մեր քաղաքացիները չգնեն թուրքական ծագման ապրանքներ և չներմուծեն Հայաստանի Հանրապետություն, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Ավելորդ պրոբլեմներից խուսափելու համար, միևնույն է թույլ չենք տալու, որ իրենց հետ տանեն, խնդրում ենք քաղաքացիներին, որ նման քայլերի չգնան՝ թուրքական ծագման բեռներ, ապրանքներ չներմուծել Հայաստանի Հանրապետություն», - ասաց Հյուսիասային մաքսատան պետը։
Ի տարբերություն Բավրայի մաքսակետի՝ Բագրատաշենի մաքսատունը ավելի մարդաշատ էր։
«Վրաստանից եկել եմ, որ բարեկամիս տեսնեմ։ Շատ լավ է, որ սահմանները բաց են, հնարավորություն կա», - ասաց քաղաքացիներից մեկը։
Բագրատաշենի մաքսատան պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավետիսյանն ասում է՝ ուղևորահոսքի ավելացման դեպքում էլ հնարավորություն ունեն սպասարկելու բոլորին։
«Հունիսի 1-ից Վրաստանը բացել է իր ցամաքային սահմանները քաղաքացիների համար, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտին։ Մաքսակետն առավոտյան ժամը 10-ից սկսել է սպասարկել Հայաստանից Վրաստան մեկնող և հակառակ ուղղությամբ ժամանող քաղաքացիներին։ Ուղևորների հոսքի ավելացման դեպքում Բագրատաշենի մաքսակետը պատրաստ է 24-ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով հասնել օրենքով իրեն վերապահված մաքսային գործառույթներին», - ասաց Ավետիսյանը։
Հայաստանը Վրաստանին կապող՝ երրորդ Գոգավանի մաքսակետը առայժմ քաղաքացիների համար փակ է:
Հայ-վրացական ցամաքային սահմանը կորոնավիրուսի պատճառով փակ էր ավելի քան մեկ տարի, բեռնափոխադրումներ, սակայն, իրականացվում էին։