Մատչելիության հղումներ

Պաշտպանը կոչ է անում ընտրարշավում զերծ մնալ բռնության հետ ասոցիացվող բառապաշարից


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է անում ընտրական գործընթացի մասնակից քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին ու առանձնապես պետական կարգավիճակ ունեցող անձանց՝ ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող, բռնության հետ որևէ կերպ ասոցացվող բառապաշարից, փոխարենը ձևավորել առողջ քննարկումներ:

Իր հայտարարությունում, Պաշտպանը մասնավորապես, խիստ դատապարտելի է համարում ընտրական գործընթացի մասնակիցների մոտ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այնպիսի բառապաշարի օգտագործումը («ոհմակ», «դուրսպրծուկ»), որը Թաթոյանի գնահատմամբ, «ուղղակիորեն նպաստում է հասարակության առանց այդ էլ քաղաքական ու հասարակական բևեռացվածությանը, խաթարում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը»:

«Մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի է «թավիշը» «երկաթե մանդատով» կամ «պողպատե մանդատով» փոխարինելու և «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը. դա ոչ միայն ակնհայտ բաժանարար գծեր է քաշում հասարակությունում, այլև ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ բացահայտ ասոցացվում է բռնության ու անգամ հաշվեհարդարի հետ՝ առաջացնելով իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր», - ասված է Պաշտպանի հայտարարությունում:

Թաթոյանի խոսքով՝ հանրային տիրույթում խորանում է երկկողմանի պիտակավորման արհեստական դիսկուրսը, որն, ըստ նրա, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանող անթույլատրելի օրակարգ է:

XS
SM
MD
LG