Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, շատ ամոթալի է, որ երկիրն ի վիճակի չէ իր սահմանները պաշտպանել։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարն ընդգծում է՝ մարտական գործողություններ չկան, հետևաբար օգնության կարիք էլ չկա, Հայաստանն ինքը պետք է իր ուժերով սահմանազատում իրականացնի։
Օհանյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ այսօր սահմանազատման պայմաններ չկան, ճիշտ չէ հապճեպ գնալ դրան, ով էլ որ առաջարկի։ Նրա խոսքով՝ այդ ամենը վտանգ է լինելու Արցախի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը։
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Երեկ առավորտյան էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն». - Հայաստանը կոնկրետ ռամական օգնության համար դիմեց Ռուսաստանին, դիմումը գործնական արտահայտություն չունեցավ թե՛ մեկի, թե՛ մյուսի դեպքում, ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում։
Սեյրան Օհանյան․ - Նախևառաջ ՀԱՊԿ-ի գոյությունը և նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր տարաշաշրջանային օպերատիվ արձագանքման և՛ հավաքական ուժերի առկայությունը, որը որ Ռուսաստանի Դաշնության հարավային օկրուգի կազմից է, և՛ նաև գումարած մեր տարածաշրջանային ռեալ տեղում խմբավորումը՝ 102-րդ ռազմական բազան, որը մտնում է հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմի մեջ, դրանք ավելի գլոբալ խնդիրերի շուրջ արձագանքելու համար են։ Տեսեք, այսօր մարտական գործողություններ չկան, խնդիրը գնում է միայն սահմանային իրավիճակում ադրբեջանցիների այս կամ այն հատվածում մի քանի ստորաբաժանումների առաջ գալուն, եթե երկիրն ի վիճակի չէ իր սահմանները պաշտպանել, գիտեք, սա շատ ամոթ բան է, որովհետև մեկ բան է ասենք լայնածավալ մարտական գործողություններ սկսենք և մենք դիմենք ՀԱՊԿ-ին, մեկ այլ բան է, երբ այդպիսի գործողություններ չկան, դու պետք է պարզապես հստակ որոշում ընդունես և սահմանային այդ գիծը նշես և կահավորես։ Առաջինը, սկզբնական փուլում, մինիմալ դիրքեր նշես, տեսադիտարկման սարքերով կահավորես և հետագայում ընթացքում ամբողջ համակարգն էսպես հագեցնես ինժեներական, ականապայթյունային և ոչ ականապայթյունային սարքավորումներով։ Սա, եթե մենք չենք կարողանում իրականացնել, սա շատ ամոթ բան է։ Իհարկե այս առումով արդեն, երբ դիմել ենք ՀԱՊԿ-ին, պետք է մեր ամբողջ բանակցային ներուժը օգտագործենք և ՀԱՊԿ-ի շրջանակներում գոնե ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, որպեսզի ՀԱՊԿ-ն արձագանքի․․․
«Ազատություն». - Բայց չկա արձագանք, պարոն Օհանյան, արդեն 20 օր է անցել։
Օհանյան․ - Կարծում եմ, ՀԱՊԿ-ը կարձագանքի և ճնշումները կշարունակեն Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի ադրբեջանցիներն իրենց զորքերը հետ կանչեն։
«Ազատություն».- Այսինքն՝ Դուք արձագանք ճնշմա՞ն տեսքով եք տեսնում, որը չի հանրայնացվի, էդպե՞ս եք պատկերացնում արձագանքը։
Օհանյան․ - Գիտեք, ՀԱՊԿ-ը տեսնում է։ Ես, եթե ինչ-որ վերլուծություններ եմ անում, ես մեծ ուրախությամբ չեմ անում, գիտեք, Հայաստանի համար, ես ցավ եմ ապրում։ ՀԱՊԿ-ը, երբ որ լսում է՝ քննարկել այս իրավիճակը, բայց միևնույն ժամանակ լսում է, որ ադրբեջանցիներն ամեն օր առաջ են գալիս, մենք նույնիսկ ի վիճակի չենք հասարակ սահմանային ծառայություն իրականացնելու, նույնիսկ Աստված էն թույլերին, ովերք որ պատվազուրկ են, չի օգնում երբևիցե։
«Ազատություն».- Բայց դաշնակցությունը դրա համար է չէ՞, որ եթե դիմել է, լինի համապատասխան արձագանք, օգնություն, որն այս պահին չկա։
Օհանյան․ - Արձագանք ես կարծում եմ եղել է, և այսօր օգնության կարիք չկա։ Հայաստանի Հանրապետությունն ինքը պետք է իր ուժերով այդ ամեն ինչն իրականացնի։
«Ազատություն».- Ի՞նչ արձագանք է եղել, ՀԱՊԿ-ից նույնիսկ հստակ դիրքորոշում չի արտահայտվել ադրբեջանական զորքերը հետ քաշելու հետ կապված։
Օհանյան․ - Ուրեմն տարածաշրջանային խմբավորումը, ռեալ գործող խմբավորումը, դա Ռուսաստանի Դաշնության մեր ռազմավարական գործընկերոջ 102-րդ ռազմաբազան է՝ մեր միացյալ զորախմբի, այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի արձագանքում։ Երբ որ դու ՀԱՊԿ-ի պատվի հետ խաղում ես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դու ձերբակալում ես՝ առանց հավանության արժանացնելուՀԱՊԿ-ի ղեկավարությանը և այլն․․․
«Ազատություն».- Այսինքն՝ այստեղ անձնական խնդիրնե՞ր է կազմակերպությունը լուծում։
Օհանյան․ - Անձնական խնդիրներ չեն։ Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները, եթե իրենց տեղը զիջեն նորմալ բանակցող, համարձակ իշխանություններին, այդ ամեն ինչը կլուծվի։ Այսօր սահմանազատման և սահմանագծման պայմաններ չկան, չկա այդ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, դեռ ավելին՝ հարևան պետությունն էլ դառել է Ադրբեջանի հետ միասին որպես հակամարտող կողմ և մեզ վրա պարտադրող կողմ, այդ ամենը վտանգ է լինելու Արցախի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը։ Հասարակ մի բան եմ ասում՝ երկու հարևաններ, եթե կռվում են իրենց սահմանի համար, իրենց պարսպի համար, նրանք վերջնական լուծման կարող են գալ այն դեպքում, երբ որ հանգստանան, մեկը մյուսին հասկանա, այսօր չկան այդ պայմանները, ով էլ ուզում է ասի Հայաստանին, մենք չունենք դելիմիտացիա, դեմարկացիա անցկացնելու պայմաններ, և հապճեպ գնալ դրան, ես գտնում եմ, որ ճիշտ չէ։
«Ազատություն».- Ի՞նչ անել այս առաջարկի հետ, պարոն Օհանյան, մերժե՞լ, բանակցե՞լ, որպեսզի հետոյին թողնվի, ի՞նչ անել, որովհետև, ի պատասխան է հնչել Հայաստանի դիմումին ռամական օգնության։
Օհանյան․ - Բանակցել և խելացի կերպով, գրագետ կերպով հիմնավորել, որ դա ժամանակավրեպ է։
«Ազատություն».- Կարծում եք, որ հնարավո՞ր է։
Օհանյան․ - Այս իշխանությունների առկայության պայմաններում ես գտնում եմ, որ հնարավոր չէ, որովհետև իրենք արդեն իսկ գտնվում են էդ կալպակի տակ, կներեք այդպես պետք է ասեմ, արդեն իսկ գտնվում են այդ ճնշման տակ և՛ միջազգային հանրության, և՛ նաև տարածաշրջանային գոնե երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ, իսկ ճնշման տակ գտնվող իշխանությունները չեն կարող բանակցել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․