Մատչելիության հղումներ

Վաղը մեկնարկում է «Արմմոնո 19-րդ» թատերական միջազգային փառատոնը


Վաղը՝ մայիսի 30-ին Թատերական գործիչների միության դահլիճում կմեկնարկի «Արմմոնո 19-րդ» ամենամյա թատերական միջազգային փառատոնը, որը երկու շաբաթ շարունակ՝ մինչև հունիսի 15-ը մայրաքաղաքում, Գյումրիում և Արտաշատում հնարավորություն կտա թատերասերներին դիտել փառատոնային ծրագրում ընդգրկված բազմաթիվ ուշագրավ մոնոներկայացումներ:

«Արմմոնո» փառատոնն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ինչպես շեշտում է փառատոնի տնօրեն Մարիաննա Հարությունյանը, փառատոնին իրենց մասնակցությունը կունենան նաև տարբեր երկրներից թատերական գործիչներ, որոնց մոնոներկայացումները համավարակի պատճառով կցուցադրվեն առցանց. «Իսկ բնականաբար մեր ներկայացումները, որոնք շատ են և հետաքրքիր են, դրանք կանցնեն կենդանի վիճակով, որովհետև թատրոնը կենդանի էակ է: Այս տարվա մեր թիրախային նպատակը, նույնիսկ կարող եմ ասել առաքելությունը, որպեսզի բարձրացնենք և զարգացնենք, էլ ավելի ուշադրություն դարձնենք թե՛ մեր դերասաններին, թե՛ մեր բեմադրիչներին, թե՛ մեր դրամատուրգներին: Եվ բնականաբար մարզային ծրագիրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այն ակտիվությունը, այն աշխատանքի ցանկությունը, որը կա թե՛ մարզերում, թե՛ Երևանում, թե երիտասարդների կողմից, թե՛ ավելի հասուն մարդկանց մոտ, շատ լավ է, և երևի միայն աշխատանքը մեզ բոլորիս կհանի ծանր և դժվար հոգեվիճակից»:

Այս տարի «Արմմոնո» փառատոնի ընթացքում կցուցադրվի 20 մոնոներկայացում, իսկ փառատոնը կբացվի Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի մոնոներկայացմամբ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Վսեվոլոդ Գարշինի «Կարմիր ծաղիկը» պիեսը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանի բեմադրությամբ և թատրոնի դերասանուի Լաուրա Ստեփանյանի մասնակցությամբ:

Ինչպես շեշտում է փառատոնի տնօրեն Մարիաննա Հարությունյանը, բացի մոնոներկայացումներից, այս տարի փառատոնն իր ծրագրում նաև նորույթ ունի՝ առաջին անգամ մեր դրամատուրգներն իրենց մասնակցությունը կբերեն փառատոնին երկու թատերականացված ընթերցումներով՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին» խորագրերի ներքո: Այս նախագիծն իրականացվում է «Դրամատուրգիա» հանդեսի հետ համատեղ:

«Դա կկարդան մեր անվանի և շատ պրոֆեսիոնալ դերասաններ: Եվ իրոք փառատոնի համար շատ կարևոր է անդրադառնալ և գոնե այդ տեսակ հարգանքի տուրք մատուցել մեր զոհված տղաներին:

Ցանկություն շատ երկրներ են հայտնել, բայց քանի որ օնլայն է, օնլայն տարբերակը պիտի լինի շատ ավելի հասկանալի և մատչելի, հետաքրքիր մեր հանդիսատեսի համար: Քանի որ թիրախային մեր այս տարվա ներկայացումները մեր հայկականն էր, հիմա միջազգային ծրագիրը, ես հույս ունեմ, որ շուտով սահմանները կբացվեն, և մեր հին ու նոր բարեկամները կգան և կմասնակցեն արդեն կենդանի վիճակով:

Փառատոնը կավարտվի հունիսի 15-ին: Գիտեք, ամեն տարի «Արմմոնո» փառատոնն ունի իր նախագաիծը, և այս տարի նույնպես մեր նախագիծը կլինի հայ հեղինակի, հայ դրամատուրգի գործը` Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց»: Բեմադրիչը Տաթև Մելքոնյանն է, ինքն էլ անվանի բեմադրիչ, դերասանուհի, շատ հետաքրքիր կերպար է կերտում երիտասարդ դերասան Գոռ Համբարձումյանը:

Այս տարի ինձ թվում է` անհրաժեշտ է, որ դրանով մենք մի քիչ ավելի փորձենք մեր հանդիսատեսի, մեր ազգի տրամադրությունը թե բարձրացնել, որովհետև արվեստը, ինձ թվում է, այն միակ կետերից է, որ կարող է հույս ներշնչել և ավելի սփոփել ու դարձնել ավելի տոկոն, դիմացկուն ու ուժեղ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG