Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներն այսօր Մոսկվայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, հայտնում է հայկական կողմը:
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուին ներկայացրել է Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներթափանցման մանրամասները և ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունները։ ՊՆ-ի փոխանցմամբ` Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ «սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ իրականացված ադրբեջանական սադրանքները բացարձակապես անընդունելի են, և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքեն Հայաստանի տարածքը։
Նշվում է նաև, որ կողմերը դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
Նշենք, որ հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածում որևէ անդրադարձ չի եղել հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությանը, որի հետևանքով հայկական բանակի մեկ զինծառայող զոհվել է, ևս 6-ը՝ գերեվարվել։ Շոյգուն միայն նշել էր, թե հաջողությամբ իրականացվում են Ռուսաստանի ու Հայաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում Հավաքական անվտանգության համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր ստեղծելու համաձայնագրերը։