Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին հորդորում է «սահմանազատման հարցերը քննարկելիս խուսափել քաղաքական հիստերիայից»


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին հորդորում է «սահմանազատման հարցերը քննարկելիս խուսափել քաղաքական հիստերիայից և պրագմատիկ մոտեցում ընդունել այդ գործընթացում»։

«Սահմանազատումը պետք է անցնի ոչ քաղաքական հիստերիայի տեսքով, այլ նորմալ պրագմատիկ պայմաններում, իսկ ավարտին յուրաքանչյուր կողմ պետք է հարգանքով վերաբերվի միջազգայնորեն ճանաչված սահմաններին»,- AzTV պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման և սահմանազատման առաջարկով բազմիցս է դիմել Հայաստանի ղեկավարությանը, սակայն մերժում է ստացել։

«Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին», - անցած շաբաթ հայտարարում էր Ադրբեջանի ղեկավարը։

Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման փաստաթղթի վերաբերյալ անցած շաբաթ հայկական կողմը երկու առաջարկ է արել՝ բոլոր գերիների վերադարձ ու ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի սահմաններից, սակայն դրանք անարձագանք են մնացել։

XS
SM
MD
LG